Օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, գործակալներ. ով և ինչի համար է ուզում ՀՀ-ում հրատապ իշխանություն փոխվի
ՀՀ-ում հեղաշրջման տապալված փորձի մասին ԱԱԾ-ի բացահայտումը ՀՀ շարքային քաղաքացու մոտ կարող է օբյեկտիվորեն հարց հարուցել՝ շահագրգիռ սուբյեկտների (հատկապես արտաքին ուժերի) ինչի՞ն է պետք ՀՀ-ում ժամանակից շուտ իշխանություն փոխել, այն էլ՝ մի քանի անգամ փորձել-ձախողել-խայտառակվելով։ Եվ ամենակարեւոր հարցադրումը՝ ո՞րն է փոխելու գլխավոր մոտիվը, պատճառը եւ կամ դրդապատճառը։
Ընդ որում՝ այս հարցադրումը շատ կարեւոր է՝ «փոխելու» տրամաբանությունը ճիշտ ընկալելու համար, փոխել՝ նոր՝ «սիրուն-սիմպատիչնի» պերսոնի, «սուպերմեն»-ի իշխանության բերելու համա՞ր, որը ՀՀ ժողովրդավարությունը կբարձրացնի նոր մակարդակի, կվարի է՛լ ավելի հմուտ ու հավասարակշռված արտաքին քաղաքականություն, կչեզոքացնի արտաքին մարտահրավերներն ու սպառնալիքները, քաղաքացիներին կպարգեւի եդեմական կյանք եւ հավերժական երջանկություն, թե՞ փոխել՝ ի չարս երկրի, այսինքն՝ ի կատարումն այն պահանջ-պարտադրանքների, որոնք հրաժարվում է կատարել գործող իշխանությունը՝ ի բարօրություն պետության։
Արդ, շատ կարեւոր է հասնել իշխանափոխության՝ «ինչի՞ համար»-իի խորքին եւ ճիշտ վերծանել այն։ Երբ տեղի ունենա վերծանումը, մնացած հարցադրումների պատասխաններն ակնհայտ կդառնան։
Մեր տպավորությամբ, որն ամրապնդվում է հետհեղափոխական անցած մի քանի տարիներին տեղի ունեցած զարգացումներով, այդ թվում՝ 44-օրյա պատերազմ, իշխանափոխություն անելը ամենեւին էլ դա անել ցանկացողի զուտ քաղաքական կապրիզը չէ՝ նորից իշխանության բերել հայ ժողովրդի կողմից մերժված, նախկին կոռումպացված, ավտորիտար ռեժիմի կարկառուն դեմքերին՝ գլխավորությամբ ՀՀ նախկին նախագահների։
Նրանք ընդամենը թեկնածուներ են, որոնք իրենց սիրուն աչքերի համար չէ, որ պետք է բերվեն իշխանության, այլ կոնկրետ առաքելությամբ՝ օգնելու ստանալ իշխանափոխության արդյունքում ակնկալվողը՝ ոչ ժողովրդավարական, նախկինի պես կոռումպացված, թույլ, ենթակա, ինչ-որ մեկի հոգաբարձության կարիքը զգացող ու նրանից կախվածության մեջ գտնվող, իմիտացված ինքնիշխանությամբ պետական կազմավորում (որին դժվար է պետություն անվանելը), որը կունենա ծայրագավառի ֆունկցիա, կունենա «նամեստնիկ», եւ որը կկատարի հոգաբարձուի թելադրանքը, կանի սա, սա, սա, չի անի այս, այս, այս․․․․, եւ արդյունքում կլինի «կուշտ» ու «տակը չոր»։
Այլ կերպ ասած՝ իշխանափոխության նպատակն այս դեպքում «իշխանություն» հասկացության գլխավոր կոդի՝ ինքնիշխանության դեմ է՝ բառի առաջին բաղադրիչի՝ «ինքն»-ի ամպուտացմամբ։
ՀՀ քաղաքական դաշտում հաստատված ստատուս քվոն է, որ ստիպում է ՀՀ-ին ինքնիշխանությունից, ժողովրդավարությունից եւ մնացած գերկարեւոր հատկություններից զրկելուն շահագրգռված սուբյեկտներին որպես իրենց նպատակին հասնելու «գործիքներ» օգտագործել հայտնի դեմքերին։ Ովքեր թեեւ մաշված են ու մերժված, սակայն չեն կորցրել իրենց ֆունկցիոնալությունը, այսինքն՝ ի վիճակի են ծառայություններ մատուցել, երբ բանը հասնի այս կամ այն բանը անելուն կամ չանելուն։ (Կասկած չունենք՝ եթե ՀՀ քաղաքական դաշտը լիներ խայտաբղետ, ու հեղաշրջում անել ձգտողների նպատակները սպասարկող այլ սուբյեկտներ լինեին, ապա որպես գործիք կօգտագործվեին նրանք՝ պայմանական Քոչար Ռոբերտյանը, Սարգիս Սերժիկյանը, Գալուստ Վազգենյանն ու երկրից թռած եւ ՌԴ-ում ծվարած հայտնի կամ կիսահայտնի «ռազմահայրենասեր տղերքը»)։
Այսինքն՝ իշխանությունը հայտնի սուբյեկտներին տրվելու է, որպեսզի հետագայում նրանք իրենց հերթին «по-хорошему» տան այն, ինչը մտադիր է ստանալ իշխանության բերողը։ Ասենք՝ «Զանգեզուրի միջանցքը», որը գործող իշխանությունը համառորեն, ոտքը մի կոշիկի մեջ դրած չի տալիս ու պնդում է՝ երբեք չի տալու, պատրաստ է բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, բայց ոչ ՀՀ ինքնիշխանության կորստի հաշվին՝ «միջանցքային տրամաբանությամբ»։ Կամ, ասենք, կապուղիների ապաշրջափակման պարագայում դրանց վերահսկողությունը հանձնել ՌԴ ԱԴԾ-ին, «գրողի ծոցն» ուղարկել ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղակայված ԵՄ դիտորդներին, եւ կարիքի դեպքում դրանց փոխարինել ՀԱՊԿ դիտորդներով։
Ապասառեցնել ռազմաքաղաքական այդ՝ հանգուցյալ դաշինքի հետ ՀՀ հարաբերությունները՝ դրան «Прощай навсегда» ասելու փոխարեն։ Եվ/կամ՝ դադարեցնեն Արեւմուտքի հետ, իրենց լեքսիկոնով ասած, «սիլի-բիլիները», տարաշերտ մերձեցումներն ու մնան եւ լինեն մեկ աշխարհաքաղաքական կենտրոնի կամքի ու կամակորության գերին․․․․ Այսինքն՝ հայտնվել մի կարգավիճակում, որը ենթադրում է նաեւ դադարեցնել ինքնապաշտպանության զանազան միջոցառումները, չտվայտվել արտաքին սպառնալիքների հարցով, չմտածել սահմանազատված սահմաններ ունենալու մասին՝ բավարարվելով վիրտուալ, աննյութական սահմաններով, հույսը դնելով օտար երկրի ռազմական ներկայության վրա, որը կստանձնի «քեռի Ռեմբոյի» դերն ու «փը՛շտ» կանի մեր աննյութեղեն սահմանների վրա հարձակվողներին։
Դե իսկ երբ բանը հասնի ֆրանսիական արտադրության ինչ-որ ապրանք գնել կամենալուն, ապա գնումը լինի ոչ թե զենքի, այլ՝ օծանելիքի կամ շամպայնի տեսքով։ Նույնը վերաբերում է նաեւ հնդկական արտադրության ապրանքների գնմանը․ եթե համեմունքներ, ապա՝ որքան կկամենաք, ի սեր Աստծո։
Ամփոփելով նշենք՝ ՀՀ-ում իշխանափոխություն անելու նպատակը՝ հեղաշրջման, ահաբեկչության, թե այլ՝ կոշտ կամ փափուկ մեթոդներով, Նիկոլ Փաշինյանի դեմ չէ, այլ՝ Հայաստան պետության, պետական կարգի, սահմանադրական ինստիտուտների եւ իշխանություն կրող միակ աղբյուրի՝ ժողովրդի դեմ։
Եթե այս պահին իշխանության ղեկին լիներ մեկ այլ անձ, բայց վարեր նույն քաղաքականությունը, համոզված ենք՝ հեղաշրջման ուրվականը կշարունակեր թեւածել։ (Չենք կարծում, որ Նիկոլ Փաշինյանին տապալելու արդեն 6 տարի ձգվող արտաքին միջամտությունների պատճառը վերջինիս մորուքի ձեւը, աչքերի գույնը կամ նրա նկատմամբ տածած՝ «լիչնի նեպրիյազնն» են)։
Հ․Գ․ Ի դեպ, դեռ ամիսներ առաջ, երբ նոր էր մեկնարկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսում թվեց բողոքի այդ շարժմանն աջակցողների ասորտիմենտը. «օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք, իմ ունեցած հավաստի տեղեկատվությամբ, հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից եւ առնվազն այդ ծառայությունների ազդեցության գործակալներ են եւ ընդհուպ կատարել եւ կատարում են կոնկրետ հանձնարարականներ»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Կարծիքներ