Հայաստանը կենսական կարևորության գծեր է քաշում
Կառավարության այսօրվա նիստում վարչապետի մի շարք կարևորագույն արձանագրումներ բացահայտում են ՀՀ արտաքին դիրքորոշման էվոլյուցիան։ Թեև կան դրույթներ, ինչպես Արցախի բանակցությունների սեղան վերադարձը, որոնք արդեն լայն քննարկման առարկա են, սակայն հուլիսյան մարտերից հետո նոր մոտեցումների շեշտադրումներն է՛լ ավելի կարևոր առանձնահատկություններ ունեն։
1-ին հերթին հարկ է նկատել, որ խոսելով ՀՀ և Արցախի անվտանգության մասին՝ Փաշինյանը «անվտանգության համակարգ» բառակապակցությունը եզակի թվով է օգտագործում, ինչն ընդգծում է «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպման համատեքստում անվտանգային բաղադրիչի փոխկապվածությունը։ Այլ խոսքով, եթե նախկինում ներքին տարածությունում Արցախի և ՀՀ անվտանգության համակարգը որպես ընդհանրական համակարգ էինք պատկերացնում, ապա այլևս Արցախի անվտանգությունը Հայաստանի անվտանգությունն է՝ նաև մեր արտաքին դիսկուրսում։
Հիմնաքարային նշանակություն ունի «Առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում» ձևակերպումը։ Սա գալիս է հստակեցնելու Հայաստանի դիրքորոշումը մեզ համար կարևորագույն հարցերի շուրջ, ինչը նշանակում է, որ հայկական կողմերը բանակցությունների են մասնակցելու բացառապես նշված՝ սեփական նվազագույն շահերի պաշտպանության տրամաբանությունում։
Եվս մեկ ուղերձ է միջազգային հանրությանը՝ Ադրբեջանին մատակարարվող ռազմամթերքի վերաբերյալ հանցավոր մասնակցության մասին միտքը։ Այն ուղղված է ոչ միայն այս ոլորտում Ադրբեջանի հիմնական գործընկերներին՝ Ռուսաստանին և Իսրայելին, այլ նաև ԱՄՆ-ին, որի ռազմական օգնության ծավալները նախկին տարիներին բավական մեծ էին։ Հատկանշական է, որ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից նախօրեին ընդունված հաշվետվողականության պահանջը կարող է էականորեն սահմանափակել Ադրբեջանին ռազմական օգնության ծավալները։ Սակայն Ռուսաստանի և Իսրայելի դեպքում որևէ սահմանափակում չկա, որի վերաբերյալ արդեն բացահայտ իր դժգոհությունն է հայտնում պաշտոնական Երևանը։
Եվ վերջապես՝ վարչապետի կողմից ներկայացված դրույթներում առանցքային է «հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ» նախադասությունը։ Վերջին մի քանի օրերին Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի որոշ շրջանակների կողմից Մինսկի խմբի շրջանակներից դուրս խնդրի լուծման կոչերին ի պատասխան՝ Հայաստանը հայտարարում է, որ հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին։ Ընդ որում, թեև որպես ապակայունացնող գործոն նշված է Թուրքիան, սակայն հայտարարության ենթատեքստում են հայտնվում նաև Ռուսաստանի նշված շրջանակները, որոնց պատկերացումը տարածաշրջանում ռուսական «արբիտրաժի» իդեալական լինելու վերաբերյալ ժամկետանց է և անիրատեսական։
Ռոբերտ Ղևոնդյան
Կարծիքներ