Եվս մի կարևոր փորձություն
Ռոբերտ Ղևոնդյան
Եթե վերհիշենք օսմանական քոչվոր ցեղերի վերջին 6-7 հարյուր տարվա պատմությունը, ապա հայկական կողմի հետ հարաբերություններում Արցախի կորուստը նրանց մեծագույն պարտությունն է։ Իհարկե, ինձ կարող են առարկել, թե ունեցել են Սարդարապատ, սակայն եկեք չմոռանանք, որ 1918 թվականին արևելյան Հայաստանը ռուսական տարածք էր, և թուրքերը փորձում էին ընդարձակել սեփական սահմանները, ոչ թե պահպանել ունեցածը։
Արցախի հայության անկախ գոյությունը ընդհատվել էր դեռևս 11-րդ հարյուրամյակում և վերականգվեց միայն 20-րդում։ Ահա, թե ինչ չեն կարողանում ներել իրենց օսմանյան ցեղախմբերի ժամանակակից ներկայացուցիչները։ Ահա, թե ինչը կարող է ցավալի նախադեպ դառնալ իրենց հետագա սերունդների համար։
Երկրորդելով Վազգեն Սարգսյանին՝ պիտի հավաստեմ. այս պատերազմը սուրբ է մեզ համար։ Սա 1000 տարվա մեր կորացած մեջքը շտկելու և մեր հետագա սերունդների մոտ հայի ու հայության նկատմամբ այլ պատկերացում ստեղծելու ամենաիրական հնարավորությունն է։ Մենք պատասխանատու ենք ոչ միայն 1988-2020 թվականների համար, այլև հաջորդ սերունդների համար, ովքեր պիտի տեսնեն ու հավատան հայի ու հայկականության վերելքին։
Ադրբեջանի հերթական սադրանքը և՛ փորձություն է, և՛ շանս մեզ համար։ Փորձություն, քանի որ հերթական անգամ ստիպված ենք լինելու զոհերի ու ավերածությունների գնով վերահաստատելու մեր ռազմական առավելությունը։ Շանս, քանի որ այս անգամ, ի տարբերություն 2016 թվականի, ունենք բոլոր նախադրյալները անվտանգության գոտու ավելացման ու Արցախի անվտանգության էլ ավելի ամրապնդման համար։ Այս հնարավորության մասին արդեն հանրության հետ կիսվել են ՀՀ և Արցախի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հասարակության արձագանքը ևս հուսադրող է։ Հայաստանում և Արցախում բազմաթիվ են կամավորներն, ովքեր պատրաստ են զենքը ձեռքին մեկնել սահման, իսկ զինկոմիսարիատներն արդեն չեն հասցնում պատասխանել զանգերին։ Հայ ժողովրդի այս հոգեբանական վերելքը գալիս է հաստատելու, որ ունակ ենք այսօր կերտելու ոչ միայն մեր, այլև հետագա սերունդների հաղթական հեռանկարը։
Փառք հայոց բանակին, ուժ և զորություն հայ զինվորին։
Հաղթելու ենք։
Կարծիքներ