Եթե Հայաստանը և Ադրբեջանը չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, խաղաղություն երբեք չի լինի․ Նիկոլ Փաշինյան

Եթե Հայաստանը և Ադրբեջանը չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, խաղաղություն երբեք չի լինի․ Նիկոլ Փաշինյան

Մենք փորձում ենք ամեն ինչ անել ռեալ առաջընթաց ունենալու, ավելի ճիշտ ոչ թե առաջընթաց, այլ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ:

Այս մասին La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնմանին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե խաղաղության բանակցություններն ի՞նչ փուլում են հիմա, որքանո՞վ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը տեսանելի;

«Շատ դժվար է գնահատել, որովհետև սկզբից մենք լավ առաջ ընթացանք այն պատճառով, որ կենտրոնացել էինք հիմնականում այն հոդվածների վրա, որոնց շուրջ հակասությունները կարող են և այնքան մեծ չլինել, բայց ինչքան ավելի շատ հոդվածներ են համաձայնեցվում, չհամաձայնեցվածների ցանկում մնում են առավել դժվար հոդվածները՝ սրանից բխող հետևանքներով: Բայց մյուս կողմից, մեր կառավարության դիրքորոշումն ու մոտեցումն է, որ խաղաղության օրակարգը պետք է անպայման առաջ մղվի, և մենք փորձում ենք ամեն ինչ անել ռեալ առաջընթաց ունենալու, ավելի ճիշտ ոչ թե առաջընթաց, այլ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ: Եվ այստեղ կարևոր են ոչ միայն այն պրոցեսները, որ բանակցային սեղանի շուրջ են տեղի ունենում, այլև այն պրոցեսները, որ տեղի են ունենում հրապարակային»,-ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի հետ ձեռք են բերել պայմանավորվածություն Բրյուսելում, դրանից առաջ էլ Պրահայում էր՝ պայմանավորվածության մի հատված, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ պետք է խաղաղության պայմանագիր կնքեն: 

«Սա տեղի ունեցավ Պրահայում, երբ մենք համաձայնվեցինք հղում անել Ալմաթիի հռչակագրին, որն արձանագրել էր հետևյալը՝ խորհրդային հանրապետությունները Խորհրդային Միության փլուզումից հետո դառնում են անկախ պետություններ Խորհրդային Միության հանրապետությունների այդ պահին գոյություն ունեցող ադմինիստրատիվ սահմաններով: Սրանից հետո անհրաժեշտություն առաջացավ ավելի կոնկրետացնել պետությունների չափերը՝ Հայաստանի և Ադրբեջանի, և մենք Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 600 ք. կմ տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 ք. կմ տարածքային ամբողջականությունը: Եվ այս առումով կարևոր է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից մինչև օրս այս պայմանավորվածության հրապարակային վերահաստատում չի եղել: Նկատի ունեմ՝ խաղաղության պայմանագրի հրապարակային ուղեկցումը նույնպես շատ կարևոր է ընդհանուր գործընթացի առումով»,- ասել է նա:

Լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը Ադրբեջանին հանձնելն այն գինն է, որը պետք է վճարվի խաղաղության համար, Փաշինյանը նշել է, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, դա նշանակում է, որ խաղաղություն երբեք չի լինի

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը միշտ էլ հսկողության տակ են ունեցել Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, համենայնդեպս, այդպես է եղել 2018 թվականից հետո: Եվ այսօր էլ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները, և այնտեղ են նաև ռուս խաղաղապահները: Խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, դա նշանակում է, որ խաղաղություն երբեք չի լինի»,- ասել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում