Այն ժամանակ «Ֆեյսբուք» չկար, որ բոլորը տարածեին, դրա համար էր Տեր-Պետրոսյանն ասում՝ հարցին 6 հոգի է տիրապետում. վարչապետ

Այն ժամանակ «Ֆեյսբուք» չկար, որ բոլորը տարածեին, դրա համար էր Տեր-Պետրոսյանն ասում՝ հարցին 6 հոգի է տիրապետում. վարչապետ

«Պետք է ուղիղ ասել, որ մենք ապրում ենք անվտանգության ճգնաժամ»:

Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Երբ ասում եմ անվտանգության ճգնաժամ, պետք է հասկանանք, որ սա 2020 թվականին չի ստեղծվել: Տարեթվեր կարող ենք նշել: «Հոկտեմբերի 27» նշվեց, այո, անվտանգային մեր ճարտարապետության խորքային և լրջագույն ճգնաժամ էր: Մենք ենք ստեղծե՞լ այդ ճգնաժամը անվտանգային համակարգի: Եկեք գնանք 2011 թիվ, շատ լավ դիվանագիտություն էիք վարում, լավ բանակցող էիք, բա էդ ո՞նց եղավ, որ մեր ռազմավարական դաշնակիցը 3 միլիարդի զենքի գործարք կնքեց Ադրբեջանի հետ, դուք էլ գնացիք հեռվից՝ Արգենտինայում էր, թե Բրազիլիայում, դրա հետ կապված մտահոգություն հայտնեցիք: Երևի էդքան հեռու գնացիք, որ հասկանաք՝ դրանից հետո կկարողանա՞ք հետ գալ, թե՞ ոչ: Գնանք 2016 թվական: ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր էիք ստորագրում, հետո մի օրում հանկարծ որոշեցիք ասոցացման պայմանագիրը չստորագրել։ Բա ի՞նչ եղավ, որ մի օրում որոշեցիք․ երեք տարի բանակցել էիք ասոցացման համաձայնագիր ստորագրելու մասին, ու պտտվեց։ Ի՞նչ եղավ, ո՞նց եղավ, բա ի՞նչ էիք բանակցել, ո՞նց էիք բանակցել»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև հարցադրմանը՝ ինչո՞ւ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը. «Շատ պարզ պատճառով, որովհետև դեռևս 1996 թվականին միջազգային հանրությունը մեզ ասել է՝ ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այն ժամանակ «Ֆեյսբուք» չի եղել, որ բոլորը շեյր անեն ու տարածեն: Եվ դրա համար էր Տեր-Պետրոսյանն ասում՝ էս հարցին 6 հոգի են տիրապետում, որովհետև այն ժամանակ էդ նիստերն ուղիղ նայել հնարավոր չէր, և էս է ճշմարտությունը»:

Վարչապետի դիտարկմամբ՝ ընդդիմության մոտեցումը Ղարաբաղի հարցում հետևյալն է եղել՝ ինչ ասել են, բացառապես ուղղված է եղել ներսում իշխանություն պահելուն, իսկ այն, ինչ ասել են դրսում, նվիրված է նրան, որ միջազգային հանրությունը չնկատի իրենց ոչ լեգիտիմ բնույթը. «Ասում են լավ դիվանագիտություն, նկատի ունեն, որ հաջող ժամանակ են ձգել, բայց իրականում ժամանակը ձգել է Ադրբեջանը և 2018 թվականին էլ ձգելու տեղ չկար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում