Ռուսաստանյան, չինական, արաբական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի շուկայով

Ռուսաստանյան, չինական, արաբական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի շուկայով

Հայաստանի կառավարությունը, ուշադրության կենտրոնում պահելով վերականգնվող էներգետիկայի ոլորտը, էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախանշել է մինչև 2040 թվականի հստակ անելիքները:

ՀՀ ՏԿԵՆ «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» տնօրեն Կարեն Ասատրյանը նշեց, որ ծրագրում ուշադրություն է դարձվել մեծ հզորություններով արևային կայանների կառուցմանը:

«Հայատանն ունի մեծ ներուժ այս ոլորտում, և նախատեսված է, որ առաջիկա տարիներին կունենանք մինչև 1000 մգՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ: Դրանց արտադրած էլեկտրաէներգիայի քանակը կկազմի ընդհանուր արտադրած էլեկտրաէներգիայի քանակի մինչև 15 տոկոսը, ինչը բավական մեծ թիվ է: Նախատեսված է, որ հստակ աշխատանքներ տարվեն նաև հողմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Մինչև 2040 թվականը նախատեսված է, որ մենք կունենանք մինչև 500 մգՎտ համակարգային նշանակության հողմային կայաններ: Այս կայանները հիմնած են լինելու պետություն- մասնավոր համագործակցության վրա: Այստեղ գերակշռող դեր է ունենալու առաջարկվող էլեկտրաէներգիայի սակագինը, այն պետք է լինի մրցունակ»,- ասաց Կարեն Ասատրյանը:

Ռազմավարական ծրագրի հաջորդ կարևոր բաղադրիչի համաձայն` նախատեսվում է ազատականացնել էներգետիկ շուկան, որի արդյունքում Հայաստանն ունենալու է նոր մակարդակի էներգետիկ համակարգ: Նշվում է, որ յուրաքանչյուր էլեկտրաէներգիա արտադրող հնարավորություն է ունենալու այն վաճառել հենց սպառողներին:

Ռազմավարական ծրագրում մեծ ուշադրություն է դարձվել էներգախնայողությանը: Կարեն Ասատրյանը նշեց, որ Հայաստանն այս ոլորտում ունի մեծ ներուժ:

«Մենք կարող ենք մինչև 40 տոկոս էներգախնայողություն ունենալ: Ասեմ, որ խնայված յուրաքանչյուր կիլովատն ավելի էժան է արժենում, քան այն արտադրելը: Ջանքեր ենք գործադրում, որ էներգախնայողությունը դառնա մեր առօրյայի մասը: Այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում հանրային նշանակության շենքերում, առաջիկայում նախատեսում ենք ներգրավել բազմաբնակարան շենքերը նույնպես»,- ասաց Կարեն Ասատրյանը:

Խոսելով մինչ այժմ ունեցած արդյունքներից՝ Կարեն Սատրյանը նշեց, որ բավական աշխատանք է կատարվել վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման ուղղությամբ: Դեռ 2016 թվականին մեկնարկեց մի ծրագիր, որով գնահատվեց Հայաստանում արևային էներգիայի ներուժը: Այնուհետև հիմնադրամի կողմից անցկացվեց մրցույթ՝ միջազգային ներդրողներին ներգրավելու համակարգային նշանակության մեծ արևային կայան կառուցելու ծրագրում:

«Խոսքը 55 մգՎտ հզորությամբ «Մասրիկ-1» կայանի մասին է, որը կառուցվում է Գեղարքունիքի մարզի Մասրիկ համայնքում: Ծրագիրն այժմ շինարարության փուլում է, և 2024 թվականին նախատեսվում է կայանի շահագործումը: Ներդրողը իսպանական ընկերություն է: Այժմ ընթանում են աշխատանքներ մինչև 120 մգՎտ հզորությամբ արևային կայաններ կառուցելու ծրագիրը մշակելու ուղղությամբ: Հույս ունենք, որ եկող տարի կունենանք նոր մրցույթներ: Ներկայում գնում են մրցութային գործընթացներ այլ արևային կայանների մասով, խոսքը «Այգ-1», «Այգ-2» արևային կայանների կառուցման մասին է, յուրաքանչյուրը 200 մգՎտ հզորությամբ: Մոտակա ամիսներին պարզ կլինի հաղթողների անունները: Հետաքրքրվողները ռուսաստանյան, չինական, արաբական ընկերություններ են»,-ասաց նա:

Կարեն Ասատրյանը նկատեց, որ այս ընթացքում բավական բարելավվել է օրենսդրական դաշտը, որը թույլ է տալիս սեփական կարիքների համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տեղադրել արևային համակարգեր: Դա հանգեցրեց նրան, որ կառուցվել է 4 հազար 600 հատ ինքնավար արևային կայան: Մեկ տարվա ընթացքում գրանցվել է 59 տոկոս արևային էներգիայի արտադրության աճ: Ըստ Կարեն Ասատրյանի՝ սա խոսում է ոլորտի արագ տեմպերով զարգացման մասին:

Արևային էներգետիկայի ոլորտում, ըստ Կարեն Ասատրյանի, մինչև 2030 թվականը ակնկալվում է մինչև 600 մլն դոլարի, հողմային էներգետիկայում՝ մինչև 500 մլն դոլարի ներդրումներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում