Ոչ ավանդական թեժ աշուն Հայաստանում. որտեղ են հաշվելու ճտերը. 1in.am

Ոչ ավանդական թեժ աշուն Հայաստանում. որտեղ են հաշվելու ճտերը. 1in.am

1in.am. Հայաստանում աշունը, անկասկած, լինելու է այսպես ասած՝ քաղաքականապես աշխույժ կամ, ինչպես ասում են՝ թեժ:

Իհարկե, քաղաքականությունն այս դեպքում կիրառելի է պայմանական իմաստով, եթե հաշվի առնենք այն օրակարգը, որ փորձում են աշնանն ընդառաջ ձևավորել Հայաստանի ընդդիմադիր հավակնություն ունեցող ուժերը, և համադրենք դա այն իրավիճակի և գործընթացների հետ, որ ծավալվում են Հայաստանի շուրջ միջազգային կյանքում: Այդ համադրությունը Հայաստանում քաղաքականությունն իսկապես դարձնում է պայմանական հասկացություն, որովհետև այդ պարագայում, եթե Հայաստանում եղածը կամ փորձվողը քաղաքականություն է, ապա այդ դեպքում ի՞նչ անուն տալ Հայաստանի շուրջ տեղի ունեցողին: Այդուհանդերձ, ունենք այն, ինչ ունենք, որքան էլ տխուր է դա արձանագրելը: Արտաքին քաղաքական միջավայրն, իհարկե, իր ազդեցությունը կունենա ներքին կյանքի մասնակիցների աշնանային պահվածքի վրա, սակայն, լայն իմաստով, աշնան «քաղաքական նորաձևության տրենդը» լինելու է մրցակցությունը միմյանց հետ, ընդդիմադիր տրամադրությունները մոբիլիզացնելու և կառավարելու դիրքի, կարգավիճակի համար: Այդ իմաստով, աշունը թեժ է լինելու առերևույթ իշխանության հանդեպ, բայց իրականում՝ ընդդիմության առաջատարի կարգավիճակի համար: Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում իշխանության համար պայքար կսկսվի այն ժամանակ, երբ ձևավորվի համաձայնությունն այդ իշխանության ապագա պատկերի շուրջ:

Իհարկե, դրանից հետո դեռ պետք է այդ պատկերն արժանանա հանրային հավանության, դա այլ հարց է: Բայց մինչ հարցը դրան հասնելը, այն դեռ չի հասել անգամ նախնական համաձայնության փուլի: Մեծ հավանականությամբ, չի էլ հասնի, քանի որ իշխանությունն ինքնին միայն եզրագիծ չէ, որ պետք է հատել մրցապայքարի ընթացքում:

Իշխանությունն անցյալ է, ներկա ու ապագա, և, ըստ այդմ, անցյալի, ներկայի ու ապագայի հարցեր ամենատարբեր ուժերի ու գործիչների միջև, որոնք հավակնում են լինել ընդդիմության առաջնորդ, առաջատար. Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Արթուր Վանեցյան: Մյուս կողմում ձևավորվում է Ազգային- ժողովրդավարական բևեռ, որը մրցակցելու է հենց այդ տիրույթի ուժերի հետ: Իսկ դա բավականին հարմար վիճակ է ստեղծելու կառավարող մեծամասնության համար՝ այսպես ասած կրկնակի զսպման մեխանիզմի կիրառման տեսանկյունից, մեկով՝ մյուսին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում