Քաղցկեղից մահացել է «Սև հովազ» ֆիլմի աստղ Չեդվիկ Բոուզմանը

Քաղցկեղից մահացել է «Սև հովազ» ֆիլմի աստղ Չեդվիկ Բոուզմանը

ԱՄՆ-ում 43 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Չեդվիկ Բոուզմանը, որն առավել հայտնի է «Սև հովազ» հայտնի ֆիլմում գլխավոր դերակատարմամբ: Այս մասին հայտնում է դերասանի թվիթերյան էջը: 

«Իսկական մարտիկ, Չեդվիկը տարավ այս ամենը և մեզ նվիրեց բազմաթիվ ֆիլմեր, որոնք սիրվեցին ձեր կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ 4 տարի առաջ Բոուզմանի մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ: Նա մահացել է Լոս Անջելեսում իր տանը՝ ընտանիքի շրջապատում:

Նրա մահվան բոթին արձագանքել է Marvel կինոստուդիան, որի ֆիլմերում դերասանն ակտիվ մասնակցություն է ունեցել:

«Մեր սրտերը կոտրված են, մեր մտքերը՝ Չեդվիկ Բոուզմանի ընտանիքի հետ: Քո թողած ժառանգությունը կապրի հավերժ: Հանգչի՛ր խաղաղությամբ»,- ասվում է կինոստուդիայի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Instagram սոցկայքում:

Բոուզմանը ծնվել է ԱՄՆ-ում, 1976 թվականին: Նա խաղացել է «Արդարադատություն» (Justified, 2011),  «42» (2013), «Եգիպտոսի աստվածները» (Gods of Egypt, 2016), «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ»  (Captain America: Civil War, 2016), «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» (Avengers: Infinity War, 2018) և այլ ֆիլմերում:

Նա լայն ճանաչում է ձեռք բերել «42» ֆիլմում կատարած Ջեքի Ռոբինսոնի և «Ջեյմս Բրաուն. Ճանապարհ դեպի վերև» ֆիլմում կատարած Ջեյմս Բրաունի դերերի շնորհիվ: Նաև կատարել է սուպերհերոս Սև հովազի դերը «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում: Բոուզմանը կրկին մարմնավորել է այդ կերպարը 2018 թվականին թողարկված «Սև Հովազ» ֆիլմում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում