Սեպտեմբերի 15-ին անգամ բուհերի դռները բոլորի համար չբացվեցին

Սեպտեմբերի 15-ին անգամ բուհերի դռները բոլորի համար չբացվեցին

Բարձրագույն  կրթության ուսումնական տարին պարետատան որոշմամբ ,  բացառությամբ առաջին կուրսեցիների, սկսվում է  այսօր՝  սեպտեմբերի 15-ից։

Համաճարակով պայմանավորված ուսումնական պրոցեսը բուհերի կողմից կազմակերպվում է  հիբրիդային եղանակով՝ և՛ օնլայն, և՛ օֆլայն։

Մայր  բուհում դասընթացների կազմակերպման հիմնական ձևը հեռավար ուսուցումն է։

ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի հավաստիացմամբ ուսումնական գործընթացը լինելու է հիմանականում առցանց՝ ԵՊՀ-ի կողմից գործարկվող «e-learning» համակարգի միջոցով։

«ԿԳՄՍ նախարարության հետ համալսարանը եկել է այն որոշմանը, որ առարկաները, որոնք պարտադիր գործնական են պահանջում, տեղի կունենան բուհում, իսկ տեսական առարկաները կանցկացվեն հեռավար»,- ասաց նա։

Ուսանողները այս կերպ դասընթացներ կանցկացնեն հավանաբար մինչև համավարակային իրավիճակի ավարտը։ Սահմանված է այնպես, որ մասնաշենքերում ուսանողների թիվը չգերազանցի 150-ը։

Սակայն ուսումնական պրոցեսի մեկնարկի առաջին օրն իսկ արդեն ուսանողները ահազանգում են, որ համակարգը, որով պետք է առցանց դասի մասնակցեին, խափանվել է։

ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացի առաջին կիսամյակում ուսանողները հաճախում են երեք հերթով։ Կուրսերի բոլոր դասախոսություններն անցկացվում են առցանց։ ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության պետ Գոհար Գևորգյանի ներկայացմամբ՝  ինչպես հրապարակվել է՝ գործելու է ուսուցման հիբրիդային եղանակը։

Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում ևս դասերի գերակշիռ մասը անցկացվում է օնլայն, այս կերպ լուծվում է զուտ համավարակով պայմանավորված անվտանգության ապահովման խնդիրը։

ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հավաստիացնում են՝ համալսարանը շուրջ 5 տարի իրականացնում է առցանց ուսուցում և անցումը հեռավար ուսուցման եղել է անցնցում, ոչ ոք պրոֆեսորադասախոսական կազմից կամ ուսանողներից անհարմարություն չի զգում, ընթացիկ տեխնիկական խնդիրներն էլ վերացվում են։

Ուսումնական հաստատություններն, ամենայն հավանականությամբ, այս գործելաոճը կշարունակեն մինչև համաճարակով պայմանավորված իրավիճակի կայունացումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում