Զբոսաշրջության, պղնձի գների աճ, ներդրումներ. պատգամավորները դրամի արժևորման տարբեր պատճառներ են տեսնում
ՀՀ ազգային ժողովի տնտեսագետ-պատգամավորները հատկապես դոլարի նկատմամբ դրամի արժևորման համար տարբեր գործոններ են տեսնում՝ զբոսաշրջության աճ, տրանսֆերտների աճ, ներդրումների ակտիվություն, պղնձի գների աճ, տարբեր են տեսակետները նաև սպասումների վերաբերյալ, կա տեսակետ, որ դա կարող է կարճաժամկետ բնույթ կրել, մյուս տեսակետի համաձայն՝ դա երկարաժամկետ բնույթ կկրի: Տևական ժամանակ դրամի արժեզրկումից հետո վերջին օրերին նկատվող արժևորման թեմայով «Արմենպրես»-ը զրուցել է 7-րդ գումարման ԱԺ տնտեսագետ-պատգամավորների հետ:
«Իմ քայլը»-ի պատգամավոր Գևորգ Պապոյանը դրամի արժևորման համար տեսնում է չորս հիմնական պատճառ՝ արտահանման աճ, սառեցված ներդրումներ, որոնք ապասառեցվում են, տրանսֆերտների աճ, զբոսաշրջիկների աճ: «Ընտրություններից հետո Հայաստանում տնտեսական հեռանկարներն ավելի պարզ են դարձել: Կոնկրետ ես գիտեի բազմաթիվ մարդկանց, որոնք ասում էին, որ ներդրումներ կանեն, եթե տեսնեն, որ ժողովրդավարությունը պաշտպանվում է, ժողովրդի իշխանությունը հաղթում է: Եվ կարծում եմ, որ վերջին օրերին մի շարք կանգնած ներդրումային ծրագրեր, հատկապես ներքին ներդրումային ծրագրեր, մեր գործարարների կողմից ակտիվացել են: Եվ նրանք դոլար են փոխանակում դեպի դրամի, որպեսզի կատարեն ծախսեր, ներդրումներ»,-ասաց Պապոյանը:
Նա նկատել է նաև, որ էականորեն ավելացել է զբոսաշրջիկների թիվը, որոնք էլ իրենց հետ բերում են արտարժույթ: Տնտեսագետ-պատգամավորը նկատել է, որ վերջին օրերին շատացել են նաև տրանսֆերտները դեպի Հայաստան: «Ավելացել է արտարժույթի առաջարկը, և դա բնականաբար հանգեցնում է դոլարի կուրսի իջեցման»,-ասաց Պապոյանը:
Ավելի վաղ՝ հունիսի 15-ին ասուլիսում տրանսֆերտների հոսքի ակտիվացման մասին խոսել էր նաև ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նա նշել էր, որ Հայաստանում տրանսֆերտների մեծ հոսք է նկատվում, տրանսֆերտների ներհոսքի որոշակի ակտիվացում կա ԱՄՆ-ից:
Պապոյանը դոլարի նկատմամբ դրամի արժևորման չորրորդ պատճառ է համարում նաև արտահանման աճը: Արտահանումը առաջին 5 ամիսներին աճել է 20.8 տոկոսով, մայիսին աճը եղել է 30 տոկոսից ավելի: «Մենք արտահանում ենք ապրանք, դրա փոխարեն երկիր է գալիս արտարժույթ, դա բնականաբար ևս ավելացնում է արտարժույթի առաջարկը, ինչն էլ բերում է արտարժույթի կուրսի իջեցման և դրամի ամրապնդման»,-ասաց նա:
Պատասխանելով հարցին՝ կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ բնույթ կկրի դրամի արժևորումը՝ Պապոյանը չբացառեց ոչինչ՝ նշելով, որ ազատ տնտեսության, ազատ մրցակցության, լողացող կուրսի պայմաններում ամեն ինչ էլ հնարավոր է: Սակայն նա հիշեցրեց, որ ԿԲ-ն վերջերս էականորեն ավելացրել է տնտեսական աճի կանխատեսումը, կառավարության վերջին նիստում էլ հայտարարվեց տնտեսական աճի ավելի բարձր՝ 6 տոկոս կանխատեսման մասին: «Հետևաբար նման պայմաններում, երբ տնտեսական մեծ, բարձր աճ է սպասվում, տնտեսությունը կանխատեսվածից արագ է վերականգնվում, չեմ կարծում, որ կարճաժամկետ էֆեկտ կունենաք: Դա կարող է երկարաժամկետ, կայուն պահպանվել»,-ասաց նա:
Պապոյանը վստահ է նաև, որ դրամի արժևորմանը հետևելու է ապրանքների գների նվազում, գնաճի սպասումները դեպի ներքև են:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, սակայն այն կարծիքին է, որ դրամի արժևորումը կարող է կարճաժամկետ բնույթ կրել: «Ինչքան, որ արագ իջնում է, այնքան էլ արագ կարող է բարձրանալ»,-ասաց նա:
Մելքումյանը տնտեսական աճի, նոր ներդրումների միտում չի նկատում: Ըստ նրա՝ հետընտրական փուլում բոլոր հարցերը չէ, որ լուծված են: Սակայն պատգամավորը դրամի արժևորումը համարում է մի քանի գործոնի արդյունք: «Առաջինը՝ պղնձի գնի բարձրացման: Ունենք արտահանում, և երբ դոլարային հոսքը մեծանում է, բնականաբար դրամը արժևորվում է: Երկրորդ պատճառն այն է, որ սեզոնով պայմանավորված զբոսաշրջիկներ են գալիս»,-ասաց Մելքումյանը:
Նա նշեց նաև այն հանգամանքը, որ նախընտրական փուլում, քարոզարշավի փուլում կուսակցությունները գումարներ են ծախսել:
Տևական ժամանակ արժեզրկումից հետո վերջին օրերին դրամը արժևորվում է հատկապես դոլարի նկատմամբ: Հուլիսի 1-ին Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 495.84 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.06 դրամով և կազմել 587.62 դրամ: Համեմատության համար, օրինակ, ապրիլի 1-ի դրությամբ դոլարի փոխարժեքը կազմում էր 532.14 դրամ, եվրոյի փոխարժեքը՝ 624.63 դրամ:
Աննա Գրիգորյան
Կարծիքներ