Ֆիրդուս թաղամասի կառուցապատման հետ կապված կան բազում խնդիրներ․ Նախաձեռնող խումբ
Երևանի Ֆիրդուս (33-րդ) թաղամասի պաշտպանության նախաձեռնող խումբն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում նախաձեռնության անդամները ներկայացրել են թաղամասի կառուցապատման խնդիրները՝ բազմակողմանի դիտարկելով հարցի իրավական, ճարտարապետական, սոցիալական և մշակութային բաղադրիչները, ինչպես նաև թաղամասի նկատմամբ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացի առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությանն ուղղված հանցագործության մասին հաղորդումը:
Ասուլիսի սկզբում թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Ամիրյանը խոսեց թաղամասի կառուցապատման հետ կապված խնդիրներից՝ պատմամշակութային, ճարտարապետական, քաղաքաշինական և այլ իրավական խախտումների մասին:
«Մենք հասկացանք, որ սա ոչ միայն մշակութային, կամ առանձին նեղ մասնագիտական խնդիր է, այլ մեծ հարց է կապված քաղաքի կենտրոնի պատկերի հետ․ թե հետագայում հրապարակին կից վայրում ինչ է լինելու, ինչ է կառուցվելու»,-ասել է նա:
Իսկ «Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն էլ հայտարարեց, որ իրենք հաղորդում են ներկայացրել Ֆիրդուսի թաղամասի նկատմամբ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացի առնչությամբ։ Ըստ նրա՝ 2007 թ-ից մեկնարկած իրավական խնդիրներից ելնելով թաղամասին առնչվող կառուցապատման ծրագիրը մշուշոտ է, կան կոռուպցիոն ռիսկեր։
Նա հիշեցրեց, որ 2008թ-ին կառավարության որոշմամբ Ֆիրդուսի տարածքը գերակա հանրային շահ է հռչակվել, տարածք ձեռքբերող. հայտարարվել էր «Սիթի սենթր Դիվիլոփմենթ» ընկերությունը, որի հիմնադիրն է Էդուարդ Մելիքյանը, այնուհետև այդ գործընթացում որպես կառուցապատող ներգրավել է բավականին տխուր հռչակ ունեցող «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը, բայց փաստորեն ծրագիրը չի իրականացվել, 2007-2008 թ-ին պայմանագրի հիման վրա սկսած գործընթացը ձախողել է:
Ըստ նրա՝ այդ ժամանակ նույնիսկ ֆինանսական երաշխիքներ ներկայացված չեն եղել , բայց Կառավարությունը անհասկանալի պատճառներով փորձել է օժանդակել:
«2014 թ-ին երաշխավորություն է ներկայացրել, որպեսզի տվյալ կազմակեպությունները արտաքին վարկային միջոցներ ներգրավեն, որից հետո նույնիսկ այդ պայմանագրերը որևէ ձևով չեն հրապարակվում, գաղտնի են պահվում, որևէ ձևով ծրագիրը չի իրականացվում: Քաղաքացիների բազմաթիվ դժգոհություններ են առկա, որ իրացման ընթացքում քաղաքացիների սեփականության իրավունքը խախտվել է: Եվ այս ամենից հետո 2018թ-ի մարտ ամսվա վերջին դարձյալ տարածքը հռչակվում է հանրային գերակա շահ և ձեռբերող ճանաչվում է «Դիանար» ընկերությունը, որի հիմնադիրը նույն Էդուարդ Մելիքյանն է»,-նշեց նա:
Ըստ նրա՝ այժմ ձևական մրցակցություն ապոհովելու համար 17 ընկերություն է հիմնվում, դրանց մեծամասնության հիմնադիրը կրկին Էդուարդ Մելիքյանն է:
Բանախոսի հավաստմամբ հիմա նույնպես Կառավարությունը հրաժարվում է հրապարկել այն ֆինանսական երաշխիքները, որոնք այդ ընկերությունները ներկայացրել են՝ որպես ծրագրի իրականացման երաշխիք: Ըստ նրա՝ պաշտոնատար անձիք այս գործընթացում չարաշահումներ են թույլ տվել:
Կարծիքներ