«Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա» . Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է. լուսանկարներ
Փնտրիր բարին ամենուրեք և երբ գտնես, դուրս բեր թաքստոցից և թող նա լինի ազատ ու աներկյուղ . Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է...
1933թ.–ին Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում տպագրվեց Վիլյամ Սարոյանի անուն ազգանունով ամերիկահայ երիտասարդ առաջին պատմվածքը, որը սակայն ստորագրվեց Սիրակ Գորյան: Դրանից մեկ տարի անց լույս տեսավ Սարոյանի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա» և միանգամից ճանաչում բերեց երիտասարդ գրողին:
Վիլյամ Սարոյանը ծնվել էր 1908թ.–ի օգոստոսի 31–ին, հեռավոր ԱՄՆ–ում, որովհետև նրա ծնողներն Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքից Ֆրեզնո էին գաղթել`ցեղասպանությունից փրկվելու համար։ Սարոյանը 4 տարեկանում զրկվել էր հորից և որոշ ժամանակ նույնիսկ մանկատանն ապրել։ Վերադառնալով տուն` փոքր տարիքից աշխատանքի էր անցել և ամենատարբեր գործեր կատարել։
«Յոթ տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերում ու խաչմերուկներում: Մի օր հարևան երեխաներն ինձ կանչեցին բեյսբոլ խաղալու, և ես, շատ լավ գիտակցելով, որ պետք է մնացած թերթերը վաճառեմ, չկարողացա հրաժարվել այդ առաջարկից ու միացա ընկերներիս: Հանկարծ լսեցի մորս ձայնը. «Ինչո՞վ ես զբաղված»: «Խաղում եմ, մայրի՛կ»,- պատասխանեցի ես: Մորս մեկ հայացքը բավարար եղավ, որ վերադառնամ աշխատանքիս: Այդ օրվանից հետո հասկացա, որ չպետք է նմանվեմ մյուս երեխաներին»,– գրել է Սարոյանը։
Սարոյանի հերոսները հասարակ մարդիկ էին, շատերը` հայեր. տարբեր հերոսների միջոցով նա նաև իր ծանր կյանքի պատմությունն էր ներկայացնում։
Սարոյանը գրել է 1500-ից ավելի պատմվածքներ, բազմաթիվ վեպեր, վիպակներ, պիեսներ:
Հատված «Մարդկային կատակերգություն» վեպից.
« ...Երբեք չեմ հավատացել պատերազմների, և գիտեմ, որ անհրաժեշտության դեպքում էլ դրանք հիմարություն են։ Իմ թշնամին մարդը չէ, որովհետև ոչ մի մարդկային էակ չի կարող իմ թշնամին լինել։ Ով էլ որ լինի այդ մարդը, ինչ գույն էլ ունենա, ինչքան էլ սխալված լինի իր համոզմունքներում, նա իմ ընկերն է, ոչ թե թշնամին։ Իմ պայքարը մարդու դեմ չէ, այլ նրա մեջ եղած այն գազանի դեմ, որը առաջին հերթին ուզում եմ իմ մեջ ոչնչացնել։
...Ես ինձ հերոս չեմ զգում։ Այդպիսի բաների ընդունակ չեմ։ Ոչ ոքի չեմ ատում։ Նույնիսկ հայրենասեր էլ չեմ դարձել, որովհետև միշտ սիրել եմ իմ երկիրը, իմ ժողովուրդը, իմ քաղաքը, իմ տունը և իմ ընտանիքը։ Ես, իհարկե, կուզենայի բանակում չլինել, կուզենայի, որ պատերազմ չլիներ, բայց քանի որ բանակում եմ և քանի որ պատերազմ է, վճռել եմ լինել լավագույն զինվորը։ Չգիտեմ, ինչ է ինձ սպասում, բայց, ինչ էլ լինի, ես պատրաստ եմ խոնարհաբար ընդունել այն։ Նամակում ես կարող եմ ասել այն, ինչը երբեք չէի կարողանա արտահայտել բառերով։ Դու պետք է շարունակես լավագույնը մնալ։ Ոչինչ չպետք է քեզ խանգարի։ Հիմա դու տասնչորս տարեկան ես, բայց պետք է ապրես մինչև քսան, հետո՝ երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն։ Դու պետք է հավիտյան ապրես։ Եվ վստահ եմ, որ կապրես։ Հեռվից միշտ պիտի հսկեմ քեզ։ Դու այն ես, ինչի համար կռվում ենք մենք։ Այո՛, դու, իմ եղբայրը։
...անչափ պիտի ուրախանամ քեզ նորից տեսնելու համար։ Աստված օրհնի քեզ։ Ցտեսություն»։
Հենրիկ Սիրավյան, Վիլյամ Սարոյան, Հրանտ Մաթևոսյան
Կարծիքներ