Որ շինությունը ինչ ժամկետում կարող է հաշվառվել ու օրինականացվել. կառավարության որոշումը

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում նաև ինքնակամ կառույցների հաշվառման նոր կարգն էր: Սահմանվում է հստակ ժամանակացույց, թե որ շինությունт ինչ ժամկետում կարող է հաշվառվել ու օրինականացվել։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է՝ 2021 թվականի հունվարի 1-ից հետո կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացնելու համար քաղաքացիներին կտրվի երկամսյա ժամկետ։ Իսկ Երևանում մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կառուցված ինքնակամները կկարողանան օրինականցնել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, քաղաքային այլ համայնքներում կառուցված շինությունները` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղական բնակավայրերում` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Այդ ընթացքում ինքնակամ կառույցի վրա շինարարությունը շարունակելն արգելվում է և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված հատվածը չի օրինականացվի։
«Չհաշվառված ինքնակամ կառույցը հաշվառելու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դիմեն Կադաստրի կոմիտեից որակավորման վկայական ստացած չափագրողների: Վերջիններս համապատասխան չափագրական աշխատանքներ կատարելուց և դրա արդյունքները պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո չափագրման փաթեթը ներբեռնելու են www.e-cadastre.am կայքէջում ներդրված չափագրողների առցանց գրասենյակ: Նշված գործառույթներն իրականացնելուց հետո կառույցը համարվելու է հաշվառված, որի մասին պատվիրատուն ծանուցվելու է կարճ հաղորդագրության միջոցով»,-տեղեկացրել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Ըստ նրա՝ Կադաստրի կոմիտեում կան մինչև 2021թ-ի հունվարի 1-ը կատարված օդալուսանկարահանումներ, որոնցում բոլոր կառույցները տեսանելի են։ Ըստ Թովմասյանի՝ դրանից հետո կառուցված շինությունները լուսանկարներում ուղղակի բացակայելու են ու չեն օրինականացվելու։
Կարծիքներ