Ազգովի հրատապ կարգով պետք է ձեռնամուխ լինենք դրսից հումանիտար օգնության ներգրավմանը. Էդգար Առաքելյան
Մի բան կա, որի վրա ուզում եմ սևեռել բոլորիս ուշադրությունը։
Հիմա անկախ ռազմա(քաղաքա)կան գործողությունների ընթացքից պետք է ազգովի հրատապ կարգով ձեռնամուխ լինենք դրսից հումանիտար օգնության ներգրավմանը։ Հարյուրավոր ավիրված կամ քանդված տները, քաղաքացիական ենթակառուցվածքները ու ամեն րոպե հրթիռային հարվածների վտանգը, տնտեսական համակարգի խաթարումը դեռ տևական ժամանակ թույլ չի տալու Արցախից ՀՀ տեղափոխված ընտանիքների մեծ մասին վերադառնալ և շարունակել իրենց առօրյա կյանքը՝ հատկապես որ առջևում ձմեռ է։ Եթե սրան գումարենք վիրավորված և հաշմված հարյուրավոր զինվորների ու քաղաքացիական անձանց գործոնը, կստացվի իսկական հումանիտար աղետ, որը ո՛չ մեր կառավարությունը, ո՛չ համահայկական հիմնադրամը (ինչքան էլ հավաքվածը այսօր մեծ գումար լինի) ի զորու չեն լինի լուծել միայնակ, զուտ հայերիս ներուժը խիստ անբավարար է սրա համար։
Հետևաբար արդեն իսկ պետք է սկսենք պաշտոնական կամ անհատական մակարդակով նամակներ հղել ու քննարկումներ ունենալ բարեկամ երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, տարատեսակ բարգործական հիմնադրամների, մեծահարուստների, ազդեցիկ անհատների հետ, կազմակերպել իրազեկման արշավներ միջազգային զլմ-ներով ու սոց ցանցերով առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում մեծ ծավալի օգնություն ապահովելու նպատակով։ Դա կարող է լինել ինչպես հանգանակություն, այնպես էլ պարեն, դեղորայք և բուժ. սարքավորումներ, մասնագետներ, հագուստ, շինանյութ, վառելիք և այլն։
Ժամանակը հոսում է, շտապել է պետք։
Կարծիքներ