Պեղումներից մինչև հուշարձանի վիրտուալ վերականգնում՝ Եվրոպական հնագիտության օրերին
Հայաստանում Եվրոպական հնագիտության օրեր են. այս կապակցությամբ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, հնագիտական ուսումնասիրությամբ զբաղվող համապատասխան կազմակերպություններում հունիսի 16-18-ն իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ:
Եռօրյա միջոցառումների ընթացքում հանրությունը հնարավորություն ունի ծանոթանալու հնագիտության բոլոր մանրամասներին, այդ թվում՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական կենտրոններ, որոնք սովորաբար բաց չեն հանրության համար, հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ, մասնակցություն մի շարք կրթական և ճանաչողական միջոցառումների:
Օրվա շրջանակում ԿԳՄՍՆ աշխատակիցները՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանի գլխավորությամբ, այցելել են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ:
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում կազմակերպվել է հանրային իրազեկում՝ վերականգնողի մասնագիտության վերաբերյալ և ծանոթացում հնագիտական գտածոների վերականգնման աշխատանքներին: Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը ներկայացրել է կենտրոնի բաժինները և գործունեությունը՝ սկսած պեղումներից մինչև վերականգնված գտածոների՝ որևէ թանգարանի հանձնում և ցուցադրության կազմակերպում: Ներկաները հետևել են գտածոների վերականգնման ընթացքին, ծանոթացել աշխատանքների մանրամասներին: Տնօրենի տեղեկացմամբ՝ վերականգնողները, ոլորտի մասնագետները շարունակաբար մասնակցում են միջազգային սեմինարների և վերապատրաստումների, իսկ կենտրոնն ուսանողների ու կամավորների ակտիվ մասնակցության, փորձի ձեռքբերման վայր է:
Եվրոպական հնագիտության օրերի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի վերջին տարիներին իրականացրած Վերին Նավեր հնավայրի պեղումների արդյունքները՝ գտածոների նոր ցուցադրությամբ:
Օրվա շրջանակում Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի է ունեցել «Վիրտուալ հնագիտության հեռանկարները Հայաստանում» ինտերակտիվ դասախոսություն: Այցելուներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու հնագիտական հուշարձանների վիզուալիզացիային արդի հնագիտության շրջանակում՝ ավելի շոշափելի դարձնելով պատմական անցյալի իրականությունը հանրության համար: Ցուցադրվել են նաև հուշարձանների վիրտուալ վերականգնման վերջին աշխատանքները Հայաստանում:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանի խոսքով՝ այդ աշխատանքներն իրականացվել են 2021 թվականին՝ ինստիտուտի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև կնքված հուշագրով: Նպատակն էր շարունակել հնագետ և պատմական Գրիգոր Արեշյանի սկսած ծրագիրը՝ 100 հնագիտական հուշարձանների թվայնացման աշխատանքները՝ որպես կրթության խթանում և տուրիզմի զարգացում:
Կարծիքներ