Մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը
Երևանի «Միկա» մարզադահլիճում մեկնարկել է Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունը:
Մրցումային առաջին օրվա արդյունքներով Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ:
57 կգ քաշային կարգի եզրափակիչ է դուրս եկել Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը: Մրցաշարի հաղթողի տիտղոսի համար Հարությունյանը կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Գեգելաշվիլիի հետ:
65 կգ քաշայինների պայքարում եզրափակիչ է դուրս եկել աշխարհի գավաթակիր, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վազգեն Թևանյանը: Ոսկե մեդալի համար նա կգոտեմարտի Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Նաիմի հետ:
70 կգ քաշային կարգում եզրափակիչ է դուրս եկել Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը: Նա ոսկե մեդալի համար կգոտեմարտի Ղազախստանի ներկայացուցչի հետ:
74 կգ քաշային կարգում հաղթողի տիտղոսի համար կպայքարի Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե, Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր Հրայր Ալիխանյանը՝ եզրափակչում գոտեմարտելով Մոլդովայի ներկայացուցիչ Վասիլ Դիակոնի հետ:
57, 61, 65, 70 և 74 կգ քաշայինների եզրափակիչները կկայանան այսօր՝ հունիսի 16-ին, և կմեկնարկեն ժամը 18:00-ից: Մուտքն ազատ է:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցաշարին մասնակցում է Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ:
Մեր ընտրանու կազմում ընդգրկված են նաև Մանվել Խնձրցյանը, Առաքել Մովսեսյանը, Սարգիս Բեգոյանը (երեքն էլ՝ 57 կգ), Արտավազդ Հարությունյանը, Վրեժ Գևորգյանը, Նորիկ Հարությունյանը, Մեժլում Մեժլումյանը, Էդիկ Հարությունյանը (բոլորը՝ 61 կգ), Գևորգ Թադևոսյանը, Հայկ Աբրահամյանը, Հրաչյա Մարգարյանը (բոլորը՝ 65 կգ), Արթուր Սարդարյանը, Արտյոմ Իսահակյանը, Գևորգ Մխեյանը, Տիգրան Ղազարյանը, Նարեկ Հարությունյանը (բոլորը՝ 70 կգ), Արմեն Մուսիկյանը (74 կգ), Արման Ավագյանը, Արսեն Իսրայելյանը, Ռազմիկ Սիմոնյանը (բոլորը՝ 79 կգ), Ազատ Կարապետյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը, Խաչատուր Խաչատրյանը (երկուսն էլ՝ 97 կգ), Լյովա Գևորգյանը, Մարտին Սիմոնյանը (երկուսն էլ՝ 130 կգ):
Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությանը մասնակցում են ավելի քան 15 երկրի ըմբիշներ: Մրցաշարի հաղթողը կստանա 3000, արծաթե մեդալակիրը` 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1000 ԱՄՆ դոլար: Նույնքան կստանա նաև չեմպիոնի մարզիչը:
Մրցումները նախընտրական են Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնության համար, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:
Կարծիքներ