Հայաստանի ազգային կինոկենտրոնը գործնական պայմանավորվածություններով է վերադարձել Բեռլինալեին կից եվրոպական կինոշուկայից

Հայաստանի ազգային կինոկենտրոնը գործնական պայմանավորվածություններով է վերադարձել Բեռլինալեին կից եվրոպական կինոշուկայից

Հայաստանի ազգային կինոկենտրոնի թիմը օրերս է վերադարձել  Բեռլինից, որտեղ  մասնակցել է  Բեռլինալեին կից եվրոպական կինոշուկային: Ազգային կինոկենտրոնն աշխատանքներ  է ծավալել հայկական տաղավարում։

Կինոշուկան աշխարհում հայտնի է որպես ամենապահանջված հարթակը համատեղ արտադրության ֆիլմերի, գործընկերների,  ինչպես նաև տարբեր կինոնախագծերի և  ֆիլմերի վերականգնման, ֆինանսավորման աղբյուրների որոնման, ինչպես նաև բանակցություններ վարելու համար:

Կինոկենտրոնից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ 2023-ին հայկական տաղավարում անցկացվել են տարբեր հանդիպումներ ու աշխատանքային քննարկումներ։  Հայաստանի ազգային կինոկենտրոնն ամփոփում է  Բեռլինի կինոշուկայում արված աշխատանքները՝ ի մի բերելով կարևոր հանդիպումներն ու պայմանվորվածությունները, որոնք ոչ միայն վերաբերում են 2023-ին՝ Հայ կինոյի 100-ամյակին, այլև 2024-ին Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված  արտերկրում կայանալիք միջոցառումների կազմակերպմանը։

Բեռլինյան  կինոշուկային Հայաստանն առաջին անգամ մասնակցել է 2019 թվականին՝ առանց տաղավարի։ Արդեն հաջորդ տարի՝ 2020 թվականին, կինոկենտրոնը ներկայացավ առանձին տաղավարով։ Բավականին աշխատանք կատարվեց, որի արդյունքները երևացին հաջորդ տարիներին։ Համավարակից հետո, փաստորեն, երկրորդ տարին է, որ Հայաստանը շուկայում ներկա էր  առանձին տաղավարով։ Աշխատանքներն արդեն տալիս են շոշափելի արդյունքներ, ինչը  ոչ միայն 2020 թվականին ձեռք բերված կապերի շնորհիվ է, այլև՝ փորձառության: Նախկինում քննարկված ծրագրերի մասին արդեն առարկայական պայմանավորվածություններ են ձեռք բերվում, դրանց զուգահեռ նոր առաջարկներ են ծնվում։ Այս տարի հին գործընկերնրի հետ նոր ծրագրեր են մշակվել։ Հիմնական շեշտը դրվել է երիտասարդ ստեղծագործողների վրա։ Պայմանավորվածություններ ենք ձեռք բերվել հարթակներ տրամադրել դեբյուտանտ պրոդյուսերներին, ռեժիորներին, որպեսզի նրանք կարողանան իրենց մասնակցությամբ փորձ ձեռք բերել, ստեղծեն նոր կապեր։

Կինոկենտրոնի պատասխանատուները հանդիպել են Ֆրանսիայի CNC-ի եվրոպական և միջազգային հարցերով փոխտնօրեն Միշել Պլազանետի և միջազգային բաժնի ղեկավար Ջերեմի Կեսլերի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու կինոկենտրոնների առավել ինտենսիվ համագործակցության ուղիները, ինչպես օրինակ՝ Aide aux cinémas du monde («Աջակցություն համաշխարհային կինոթատրոններին») հիմնադրամի կամ կրթական ծրագրերի միջոցով կազմակերպել 2-3-ամսյա սցենարական դասընթացներ սկսնակ և շնորհալի սցենարիստների համար:

Վրաստանի կինոկենտրոնի փոխտնօրեն Մայա Չիլաշվիլիի հետ քննարկվել է 2023-ին Հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ Վրաստանում հայկական ֆիլմերի ցուցադրության շաբաթ կազմակերպելու հարցը։ Քննարկվել է նաև 2024 թվականին Թբիլիսիում Փարաջանովի 100-ամյակի առթիվ «Կինոյի տաճար» ինստալյացիայի ցուցադրության կազմակերպման մանրամասները, ինչպես նաև հիշյալ միջոցառումները կազմակերպել Վրաստանում Հայաստանի դեսպանության հետ համատեղ։ 

Բեռլինում Փարաջանովի «Կինոյի տաճար» ինստալացիային առնչվող որոշ հարցեր են հստակեցվել ֆիլմերի վերականգնման փորձագետ, պրոդյուսեր Դանիել Բըրդի հետ: Հստակեցվել են «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված դեռևս չվերկանգնված  25 տուփ ժապավենների փոխանցման ժամկետները: 

Թեսալոնիկի միջազգային կինոփառատոնի գործադիր տնօրեն Էլիզե Ժալադոյի հետ քննարկվել է 2023-ի  նոյեմբերին Սալոնիկի ՄԿՓ-ում հայկական ֆիլմերի ցուցադրության կազմակերպման հարցը՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին և ցուցադրել  հայ կինոռեժիսորների ֆիլմերի հետահայաց ցուցադրություն:

Հանդիպում  է տեղի ունեցել նաև Մոնտենեգրոյի կինոկենտրոնի տնօրեն Ալեքսանդրա Բոզովիչի հետ. քննարկվել է օգոստոսին Հերցեգ Նովի քաղաքում անցկացվող միջազգային կինոփառատոնի օրերին առանձին ծրագրով անցկացնել հայկական ֆիլմերի ցուցադրություն՝ նվիրված Հայ կինոյի հարյուրամյակին: Միաժամանակ նախատեսվում է ստորագրել  երկկողմ համագործակցության համաձայնագիր երկու կինոկենտրոնների միջև՝ Cannes Marche du Film-ի օրերին։

Venice Classics-ի  ծրագրի ղեկավար Ջիրոնի Ֆեդերիկոյի հետ քննարկվել է 2023 թվականին Վենետիկի միջազգային կինոփառատոնում Venice Classics հարթակում վերականգնված հայկական դասական ֆիլմ ներկայացնելու հնարավորությունը:  Բեռլինի կինոփառատոնի Berlin Classics ծրագրի ղեկավար Աննիկա Հաուպցի հետ քննարկվել է 2024 թվականին Բեռլինալեում՝ հատուկ Classics-ի համար ներկայացնել վերականգնված հայկական ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական  մեկ կինոնկար:

WEMW-ի և Ալեսանդրո Դրոպլերոյի հետ քննարկվել է Հայաստանի մասնակցությունը WEMW-ի արտադրական հարթակին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Տրիեստեում կազմակերպել եռօրյա թրեյնինգ՝ Հայաստանի, Վրաստանի Մոլդովայի երիտասարդ կինոարտադրողների համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում