Արցախի 2021 թ. բյուջետային քաղաքականությունն ունենալու է հիմնականում սոցիալական ուղղվածություն
Համաձայն նախապես հաստատված ժամկետացանկի՝ հունվարի 13-ին ԱՀ ԱԺ-ում տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ներկայացումը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին՝ տեղեկացնում է Արցախի ԱԺ-ն:
Նիստը վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Նախքան նիստի օրակարգային հարցին անցնելը խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Արցախյան պատերազմում նահատակվածների հիշատակը: Արթուր Հարությունյանը նշեց, որ պատերազմի հետևանքով բյուջեի նախագծի քննարկումը որոշակի ժամկետով երկարաձգվել է և ներկայացվել 2020 թ. դեկտեմբերի 30-ին:
Ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում բազմաթիվ սոցիալական խնդիրներով պայմանավորված՝ 2021 թ. բյուջետային քաղաքականությունն հիմնականում ունենալու է սոցիալական ուղղվածություն:
Մինչ 2021 թ. նախատեսվող ֆինանսական ցուցանիշները ներկայացնելը պետնախարար-ֆինանսների նախարարը նշել է, որ 2021 թ. բյուջեն կազմվել է տարեսկզբի համավարակի և աշնանն ընթացած պատերազմի հետևանքները հաշվի առնելով: Խոսելով 2020 թ. մակրոտնտեսական ցուցանիշների արդյունքներից՝ Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծեց տնտեսության բոլոր ճյուղերում արձանագրված տնտեսական անկման մասին, որի արդյունքում 2020 թ. 1-ին կիսամյակի ՀՆԱ-ն նվազել է 1,5%-ով՝ կազմելով 129,6 մլրդ դրամ, ընդ որում՝ արդյունաբերության ճյուղը արձանագրել է 3,7%, շինարարության ճյուղը՝ 14%, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ճյուղը՝ 10,2% իրական արտահայտությամբ անկում: Իսկ սեպտեմբերին պարտադրված պատերազմը իր կործանարար ազդեցությամբ հանգեցրեց տնտեսության անկմանը: Վերլուծելով որոշակի կանխատեսումներ՝ պետնախարարի խոսքով պայմանականորեն արձանագրվել է, որ 2020 թ. արդյունքներով կունենանք շուրջ 15%-ի չափով ՀՆԱ-ի անկում: Նյութական արտադրության հիմնական ոլորտներում կանխատեսում են հետևյալ ցուցանիշները. արդյունաբերության արտադրության ծավալը կկազմի շուրջ 103 մլրդ դրամ՝ նվազելով 40%-ով, շինարարության ծավալը՝ 48 մլրդ դրամ՝ ունենալով 26%-ի չափով անկում, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կկազմի շուրջ 51,3 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ կնվազի 28-30%-ի չափով:
Անդրադառնալով 2021 թ. ֆինանսական փաստաթղթին՝ Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ 2021 թ. կանխատեսվող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի 224,5 մլրդ դրամ՝ անկումը կանխատեսելով շուրջ 25%-ի չափով:
«Եկամուտները գալիք տարում կկազմեն 81 մլրդ 830,7 մլն դրամ, ծախսերը՝ 124 մլրդ 851,2 մլն դրամ, որի արդյունքում դեֆիցիտը կկազմի 43 մլրդ 20,5 մլն դրամ»,- հայտնել է պետնախարարը:
2021 թ. պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 17 մլրդ 50 մլն դրամի չափով՝ նախորդ տարվա 56 մլրդ դրամի համեմատ: Հարկային եկամուտները կկազմեն 17 մլրդ դրամ, ՀՀ-ից տրամադրվող բյուջետային վարկի չափը կկազմի 64 մլրդ 780,7 մլն դրամ:
Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 124 մլրդ 851,2 մլն դրամ, որը պակաս է նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից 7,8 %-ով: Ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 55,6%՝ 2020 թ․ 46,2%-ի դիմաց:
2021 թ. պետական բյուջեի հիմնական ծախսային ուղղություններն ըստ ոլորտների.
Գյուղատնտեսություն՝ 5 մլրդ 91,6 մլն դրամի չափով
Տնտեսական զարգացման ծրագրեր՝ 618,3 մլն դրամ
ԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար, «Էլեկտրաէներգիայի, գազաֆիկացման, կապի ծառայությունների սուբսիդավորում» ծրագրի ծախսերը կկազմեն 12,0 մլրդ դրամ:
Սոցիալական պաշտպանություն՝ 31 մլրդ 475,1 մլն դրամ
Առողջապահություն՝ 8 մլրդ 750,3 մլն դրամ
Կրթություն՝ 14 մլրդ 728,1 մլն դրամ
Մշակույթ և երիտասարդություն՝ 2 մլրդ 431,6 մլն դրամ
Համայնքների բյուջեներին տրամադրվող դոտացիաներ՝ 2 մլրդ 892,6 մլն դրամ:
Երկրի կենսագործունեությունն ապահովող բոլոր ոլորտների ֆինանսական կանխատեսումները ներկայացնելուց հետո պետնախարար-ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորներ Գագիկ Բաղունցի, Վլադիկ Կասյանի, Դավիթ Գալստյանի Մետաքսե Հակոբյանի և Դավիթ Իշխանյանի առաջադրած հարցերին:
Նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ և կառավարության անդամներ:
Կարծիքներ