Նոր նախագիծ՝ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ. հոգեմետ նյութերի ցանկը լրացվել է
Ինչպես հայտնի է, ՆԳՆ ոստիկանությունը 2023 թվականը հայտարարել է թմրամոլության և թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Մարդկային կյանքեր կործանող այս չարիքի շրջանառման կամ իրացման հերթական բացահայտված դեպքի մասին իրավապահները հայտնում են գրեթե ամենօրյա ռեժիմով։ Մասնագետները ահազանգում են՝ աճել է թմրանյութ օգտագործող անչափահասների ու կանանց թիվը։
Օրերս՝ մայիսի 7-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրավապահները Երեւանի երկու քաղաքացու էին ձերբակալել, որոնցից մեկի՝ 67-ամյա տղամարդու վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայից խուզարկությամբ հայտնաբերվել էր 1 կգ հերոին թմրամիջոց։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երկու քաղաքացին էլ կալանավորվել ու տեղափոխվել են «Արմավիր» ՔԿՀ։
Վիճակագրական տվյալները նույնպես վկայում են թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների աճի մասին։ Մասնավորապես Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թ. հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 982 դեպք, որից 972-ը՝ ապօրինի շրջանառության, դրանից իրացնելու նպատակով՝ 551 դեպք։
Նկատենք, որ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվն աճել է գրեթե կրկնակի. 2022 թ. հունվար-մարտին, ըստ ՎԿ-ի, արձանագրվել էր նման հանցագործությունների 434 դեպք։ Նկատենք, որ թմրաշրջանառությանը մեծապես նպաստում են հեռահաղորդակցման միջոցները։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգում հրապարակված են թմրամիջոցների հայտնաբերման փաստերով հարուցված մի քանի տասնյակ քրեական գործեր, որոնցից շուրջ երկու տասնյակը՝ այս տարվա անցած մի քանի ամիսներին:
«Հայկական ժամանակ»-ը պարզել է, որ գործերից մեկով քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ /հեգեներգործուն/ նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» թիվ 270-Ն որոշման պահանջները, 2022 թ. մարտ ամսին «Տելեգրամ» հավելվածի վարույթով չպարզված օգտատիրոջից 10 հազար ՀՀ դրամով, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերի ընդհանուր՝ 0.055 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը 2022 թվականի մարտի 10-ին հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ:
Մեկ այլ քրեական գործով էլ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու՝ թմրամիջոց ձեռք բերելու և պահելու թույլտվություն, շահադիտական դրդումներով, յուրաքանչյուր փաթեթի տարածման դիմաց գումար ստանալու պայմանով «Տելեգրամ» հավելվածի միջոցով կապ է հաստատել «Wild Weed» անվամբ գրանցված դեռևս քննությամբ չպարզված օգտատիրոջ հետ և նախապես պայմանավորվածության համաձայն՝ տեղադրման վայրից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 5-րդ մասի հաշվարկման հիմքով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) մանր չափի նվազագույն շեմի երեսուներկուապատիկը գերազանցող չափով՝ ընդհանուր խոշոր չափերի 16.05 գրամ հաստատուն չոր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից ընդհանուր 10.67 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ փաթեթավորված թվով 20 փաթեթներում, 2022 թվականի նոյեմբերի 25-ին իրացման նպատակով տեղադրել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, որոնք հայտնաբերվել և վերցվել են նույն օրը։
Նշենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է վերանայել Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա նյութերի ցանկը եւ լրացնել սինթետիկ թմրամիջոցներ կամ նյութեր հանդիսացող նյութերով, ինչպես նաև նոր տեսակի պրեկուրսորներով, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար (ամֆետամինի, մեթամֆետամին շարքի կամ այլ)։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը զետեղվել է Իրավական ակտեի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Կից հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի մշակման հիմք են հանդիսացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության և գործընկեր պետությունների կողմից ստացված գրությունները՝ մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ: Հիշյալ նյութերը մարդու օրգանիզմի վրա ցուցաբերում են հոգեակտիվ ներգործություն, դրանց բնորոշ է հաճախ գործածող անձի մոտ ծանր հոգեկան խանգարում առաջացնելը:
«Համապատասխան հսկողության բացակայության դեպքում դրանք չարաշահվում են՝ շրջանցելով թմրաբիզնեսի զարգացման դեմ ուղղված օրենքով նախատեսված արգելքները: Հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ գրանցվել են նշված նյութերի շրջանառության դեպքեր, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային փորձը՝ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով առաջարկվում է նշված նյութերի շրջանառության նկատմամբ սահմանափակումներ կիրառել»,- նշված է հիմնավորման մեջ։
Առաջարկվող նախագծի ընդունման արդյունքում հսկողություն կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների և պրեկուրսորների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:
Նախագծում նշված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման հավելվածում պետք է կատարվեն մի շարք լրացումներ: Ներկայացված է հիշյալ նյութերի ամբողջական ցանկը։
Կարծիքներ