Պատերազմի վերքերը սպիացրած կլինիկական օրդինատոր Հայկ Մելքոնյանը

Պատերազմի վերքերը սպիացրած կլինիկական օրդինատոր Հայկ Մելքոնյանը

Պատերազմի վերքերը սպիացրած կլինիկական օրդինատոր Հայկ Մելքոնյանը

Պատերազմի թեժ օրերին Հայկ Մելքոնյանի կռիվը թիկունքում էր՝ առաջնագծում ծանր վիրավորում ստացած զինծառայողների կյանքը փրկելու համար։ Հայկը սովորում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ուրոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի 1-ին կուրսում: Երբ հայտարարեցին, որ Երևանի կայազորային հոսպիտալում անհրաժեշտ են մասնագետներ Արցախից Հայաստան տեղափոխված վիրավոր զինծառայողներին բուժօգնություն ցուցաբերելու համար, ԵՊԲՀ սովորող Հայկ Մելքոնյանը որոշեց համալրել «սպիտակ բանակի» շարքերը։

«Ես և ընկերս՝ Սերոբ Պետրոսյանը, որոշեցինք կամավորագրվել։ Պատերազմի ընթացքում եղել ենք Երևանի կայազորային հոսպիտալում, լինում էինք նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, քանի որ այնտեղ ևս ծանր հիվանդներ էին տեղափոխվում։ Օգնում էինք բժիշկներին՝ կատարում էինք վիրակապություններ, առաջին բժօգնություն էինք ցույց տալիս վիրավորներին։ Մեզ համար հոգեբանորեն դժվար էր։ Երբ տեսնում ես, թե քո սերնդակից տղաներն ինչպիսի պայքար են մղել, ծանր վիրավորում ստացել, հերոսացել՝ պատասխանատվությունդ բազմապատկվում է: Մեծ էր ցանկությունն օգնել տղաներին՝ առանց սխալներ թույլ տալու։ Ծանր էր հատակապես սկզբում՝ անորոշության պատճառով։ Մի կողմից հետևում էինք պատերազմի դաշտից եկած լուրերին, մյուս կողմից՝ օգնում վիրավորներին» ,- նշում է Հայկ Մելքոնյանը։

Ինչպես նշում է սովորողը՝ անհամեմատ թեթև վնասվածք ստացած զինծառայողները խնդրում էին իրենց արագ ոտքի կանգնեցնել և թողնել շարք վերադառնալ, գնալ Արցախ՝ միանալու հայրենիքի պաշտպան զինակից ընկերներին։

Հայկ Մելքոնյանի խոսքով՝ հոսպիտալում անցկացրել են օրական տասից տասնհինգ ժամ, գիշերներ շարունակ հերթապահել են հոսպիտալում։

Հիշում է բարդ վիրահատություններից մեկը․ ծանր վիրավոր զինծառայողի կյանքը փրկելու համար կատարված վիրահատությունը տևել է մոտ տաս ժամ։

Երբ կլինիկական օրդինատորն այստեղ՝ Երևանում, փորձում էր օգնել ավագ գործընկերներին՝ բուժել պատերազմի վերքերը, արցախյան ռազմաճակատի թեժ մարտերում պայքարում էր նաև նրա խաղաղապահ եղբայրը՝ Գարիկ Թովմասյանը:

ԵՊԲՀ-ին ուղղված ՀՀ պաշտպանության նախարարության շնորհակալական նամակում ընդգծված էր նաև կլինիկական օրդինատոր Հայկ Մելքոնյանի անունը։ Պաշտպանական գերատեսչությունը, անուն առ անուն նշել է կամավոր սկզբունքով ու անմնացորդ նվիրումով բուժաշխատանքներին զինվորագրված ուսանողներին և շնորհակալություն հայտնել՝ ընդգծելով, որ ապագա բժիշկներն արել են ամեն հնարավորն ու անհնարինը՝ կատարելով բազմաբնույթ բուժական և խնամքի աշխատանքներ։

«Մենք հետաքրքրվում էինք բոլոր մեր հերոսներով՝ որտեղ են կռվել, որտեղ վիրավորվել։ Փառք ու պատիվ պատերազմի բոլոր մասնակիցներին՝ նրանց, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքն ու անմահացան, նրանց, ովքեր վտանգեցին առողջությունը»,- ասում է Հայկ Մելքոնյանը՝ հուսալով՝ կգա մի օր, և տղաների կրակած փամփուշտը կդառնա հարատև խաղաղության խորհրդանիշ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում