Նախատեսվում է աջակցության ծրագրերը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ խոցելի խմբերն ունեն դրա անհրաժեշտությունը. Թանդիլյան
Այսօր՝ հունվարի 20-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մասնակցել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին:
Մինչ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերին և ծրագրերին անդրադառնալը՝ Մանե Թանդիլյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև.
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ նախագահություն, հարգարժա՛ն պատգամավորներ
Նախ՝ թույլ տվեք ասել, որ ես առաջին անգամ եմ խոսում այս բարձր ամբիոնից, և ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել և հանդես գալ Արցախի ժողովրդի կողմից ընտրված Ազգային Ժողովի պատգամավորների առջև։
Ես ուզում եմ հույս հայտնել, որ մեր միասնական շահագրգիռ ու հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավորինս կարճ ժամկետներում կլուծենք մեզ պարտադրված պատերազմի հետևանքով մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները՝ դարձնելով մեր երկիրը ավելի հզոր, ուժեղ՝ թշնամու համար այլևս անխոցելի:
Գիտեք, որ ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո մեկնարկել են բազմաթիվ ծրագրեր՝ թվով 11, ՀՀ և ԱՀ կառավարությունների համատեղ կատարման, որոնք միտված են եղել հումանիտար ճգնաժամի թիրախ դարձած մեր հայրենակիցների հրատապ խնդիրների լուծմանը: Այս ծրագրերը շարունակվում են ցայսօր, ինչպես նաև նախատեսվում է շարունակել նաև այս տարի այնքան ժամանակ, քանի դեռ սոցիալական խոցելի խմբերն ունեն այդ աջակցության անհրաժեշտությունը:
Ուզում եմ վստահեցնել` պատերազմի պատճառած սոցիալական հետևանքները շարունակելու են լինել մեր ուշադրության կենտրոնում՝ նաև արտացոլված լինելով այս տարվա բյուջեում այնքանով, որքանով հնարավոր էր դա գնահատել այն կարճ ժամանակահատվածում, որի ընթացքում ներկայացվել է 2021 թվականի բյուջեն:
Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ մենք չենք հրաժարվել անցած տարվա ծրագրերի հիմնական մասից, որոշակի փոփոխության ենք ենթարկել, նաև պահպանելով ճկունություն՝ անհրաժեշտության դեպքում վերաբաշխումներ իրականացնելու՝ ծրագրերը դարձնելով ավելի հասցեական և պատեհաժամ»:
Կարծիքներ