Էժան միավորներ հավաքելու ձեր փորձով վտանգի տակ եք դնում գերիների կյանքը. Փաշինյանը՝ Գորգիսյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, թե ինչու վարչապետը հրաժարական չի տալիս՝ հաշվի առնելով, որ մոսկովյան այցին չկարողացավ լուծել ռազմագերիների խնդիրը, վարչապետն ասաց, որ բավականին երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում, հիմա պարզ է, որ գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, ապա այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո:
«Ինչու այս դահլիճում այդ հարցը երկար տարիների ընթացքում չի հնչել: Գերիների վերադարձը միշտ եղել է Հայաստանի օրակարգում: Ինչու այդ հարցը չի հնչել, երբ երկար տարիներ ամենատարբեր ֆորմատներով եղել են հայ-ադրբեջանական բանակցություններ, ինչու մեր կառավարության, նախկին կառավարությունների օրոք այդ հարցը չի եղել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց, որ պետք է հասկանալ՝ մենք ուզում ենք գերիները վերադառնան, թե մենք ուզում ենք գերիների չվերադառնալու վրա քաղաքական միավորներ շահենք:
«Կներեք, ես չեմ տեսել այս ողջ ընթացքում ընդդիմադիր դաշտից արված որևէ գործողություն, որն առնվազն չխանգարի գերիների վերադարձին: Այո, շատ դժվար է հինգ ճակատով պայքարել գերիների վերադարձի հարցի շուրջ»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ նախկինում ոչ մի անգամ նման ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել:
«Եթե ինձ ասում եք, որ մենք, որպես իշխանություն, ի վիճակի չենք սպասարկել Հայաստանի շահը, ես էլ ասում եմ՝ դուք, որպես ընդդիմություն, առավել ևս ի վիճակի չեք սպասարկել Հայաստանի շահը, որովհետև ձեզ թվում է, թե գերիների հա՞րցն եք լուծում. դուք ձեր շեշտադրումներով և էժան միավորներ հավաքելու ձեր փորձով վտանգի տակ եք դնում գերիների կյանքը, անվտանգությունը, առողջությունը»,- ասաց Փաշինյանը
Կարծիքներ