Վճարված ատելության խոսքը ամենամեծ հատվածն է գրավում համացանցում. Սամվել Մարտիրոսյան
Այսպիսի կոնֆլիկտային իրավիճակները ցույց են տալիս, որ ատելության խոսքի դեմն առնելը համացանցում գրեթե անհնարին է, եթե սրված իրավիճակ է: Այս մասին տեսակոնֆերանսի ժամանակ նշեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Այսօր ամբողջ օրը զբաղվել եմ հոգեկան խանգարումներով ադրբեջանցիներին ջնջելով իմ էջից: Մարդիկ տեսնում ես, որ ամբողջ իրենց օրը սպանում են անիմաստ հայհոյանք գրելով, որն ինձ վրա բացարձակ չի ազդում: Պարզապես մարդիկ մեղք են, որ իրենց ամբողջ կյանքը զոհաբերում են ատելության վրա: Ցավոք սրտի, մեզ մոտ էլ այդպիսի մարդիկ կան, որ տրվում են այդ հայհոյանքին, սկսում են պատասխանել»,-ասաց նա:
Մարտիրոսյանի խոսքով, կարելի է ատելության խոսքը բաժանել երկու մասի. Մեկը օրգանական ատելությունն է, որ գալիս է հին ժամանակներից, իսկ երկրորդը վճարված ատելության խոսքն է. «Այդ վճարված ատելությունը մենք տեսնում ենք եւ Հայաստանի ներքաղաքական կյանքում, հիմա էլ հայ-ադրբեջանական սրման համատեքստում, որովհետեւ ակնհայտ սոցցանցերում կան մարդիկ, որոնց նստացրել են համակարգչի դիմաց եւ ասել՝ կնստես առավոտից երեկո եւ հայերին վատ բաներ կասես: Փորձը ցույց է տալիս, որ դա ազդում է: Եթե լուրջ ուսումնասիրություն արվի, ես կարծում եմ՝ կպարզվի, որ պետական հովանավորչություն ունեցող ատելության խոսքը ամենամեծ հատվածն է գրավում: Դեռ 15 տարի առաջ համացանցում հնարավոր էր հայ-ադրբեջանական երկխոսություն ունենալ: Իհարկե, կային մարդիկ, որ հայհոյում էին, բայց կար հատված, որը դա չէր անում:
Հենց որ Իլհամ Ալիեւը եկավ իշխանության, հակահայկականությունը դարձրեց պետական երեւույթ, դրանից հետո 2-3 տարվա մեջ շփումը անհնարին դարձավ: Եթե Ադրբեջանում 1-2 անգամ տեսնեն, որ «յան» ազգանունով մեկի հետ ջան-ջիգյարով ես խոսում, դա կարող է քեզ համար ընդհուպ մինչեւ իրավական հետեւանքներ ունենալ»,-ասաց մեդիա փորձագետը:
Կարծիքներ