Մենք ՀՀ-ն առաջնորդում ենք լեգիտիմության ռազմավարությամբ. Փաշինյանը՝ կնիքներից Արարատի հեռացման մասին

Մենք ՀՀ-ն առաջնորդում ենք լեգիտիմության ռազմավարությամբ. Փաշինյանը՝ կնիքներից Արարատի հեռացման մասին

«ՀՀ մուտքի և ելքի անձնագրային կնիքների վրայից Արարատի պատկերը հանելու որոշումը եղել է Թուրքիայի՞ պահանջով, քանի որ այն կայացվել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչի ՀՀ այցից հետո»:

Ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ դրոշմի հետ կապված խնդիրը շրջանառության մեջ է դրվել շատ ամիսներ առաջ, երբ հորիզոնում ընդհանրապես տեսական հնարավորություն կամ պայմանավորվածություն էլ չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի մասին:

«Ընդհանրապես Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ որևէ նման հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել: Հիմա խոսում են Թուրքիայի հերթական պահանջի կամ Թուրքիայի հերթական սպառնալիքի ներքո որոշում կայացնելու մասին: Ես ընդամենը 2 օր առաջ տեղի ունեցած համաժողովի ժամանակ ասել եմ, որ անվտանգության մեր ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը:

Երբ դուք փողոցն անցնում եք, անցումո՞վ եք անցնում, թե՞ ոչ անցումով: Իսկ երբ անցումով եք անցնում, դրա պատճառն այն է, որ փողոցով երթևեկող բեռնատարի կամ ոչ բեռնատարի վարո՞րդն է ձեզ սպառնացել կամ վախեցրել, թե՞ անցումով անցնում եք, որովհետև ուզում եք ապրել կանոններով ու կանոնավոր:

Մենք ուզում ենք, որ ՀՀ-ն լինի միջազգային պատասխանատու գործընկեր և ապրի միջազգային ընդունված կանոններով: Մենք ՀՀ-ն առաջնորդում ենք այդ տրամաբանությամբ և լեգիտիմության ռազմավարությամբ:

Ուրիշ բան էլ եմ ուզում ասել. եթե մինչև 2004 թվականին այդ դրոշմը չի եղել, ի՞նչ է նշանակել այդ դրոշմի բացակայությունը: Եվ եթե 2004-ին այդ դրոշմը հայտնվել է, ի՞նչ է նշանակել այդ դրոշմի հայտնվելը: Ո՞րն է նախկինում այդպիսի դրոշմի բացակայության քաղաքական նշանակությունը և ենթատեքստը: Ո՞րն է դրոշմի հայտնվելու քաղաքական նշանակությունը և ենթատեքստը: Ի՞նչ էր տեղի ունեցել 2004-ին, այդ ի՞նչ խնդիր էին ուզում լուծել այդ նորամուծությունը լուծող պաշտոնյաները: Գուցե լեգիտիմության խնդիր էին լուծում, այդ թվում՝ նման ձևերով:

Լեգիտիմությունը շատ կարևոր բան է, այդ թվում՝ ներքաղաքական լեգիտիմությունը... Պարզ ասեմ, որ երբ դու կոնկրետ պետության, երկրի Սահմանադրությամբ սահմանված իշխանության տիրոջ կողմից ընտրված չես, քեզ պետք է լեգիտիմության նոր աղբյուրներ գտնել, մի տեղ սարի նկար կպցնել, մի տեղ ուրիշ նկար կպցնել, մի տեղ ընկալումները և պատասխանատվությունը տարածել Հայաստանից դուրս, որպեսզի այդ փաստը, որ Հայաստանում լեգիտիմ իշխանություն չկա, հնարավորինս լղոզես»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում