ՀՀ կրթության տեսչական մարմինը պարետի որոշմամբ մանկապարտեզի գործունեություն է կասեցրել

ՀՀ կրթության տեսչական մարմինը պարետի որոշմամբ մանկապարտեզի գործունեություն է կասեցրել

ՀՀ կրթության տեսչական մարմինը շուրջ երկու ամիս է ուժեղացված ռեժիմով ստուգումներ է իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որոնցում արձանագրված խախտումների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն: Տեսչական մարմնի աշխատակիցները մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում իրականացրած մշտադիտարկման արդյունքում ՀՀ պարետին առաջարկություն էին ներկայացրել վերոնշյալ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ: Պատճառն այստեղ արձանագրված որոշակի անհամապատասխանություններն էին պարետի որոշմամբ հաստատված նորմերի կատարման նկատմամբ: Արդյունքում, ՀՀ պարետի 2020 թվականի հուլիսի 13-ի N 190-Ա որոշմամբ՝ 5 օրով կասեցվել է  Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը:

Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի գլխավորությամբ այսօր ուժեղացված վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչական մարմնի աշխատակիցները  խստորեն հետևում են հակահամաճարակային կանոնների պահպանմանը մանկապարտեզներում: Կարևորվում է խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաև օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը: Իրականացված մշտադիտարկման արդյունքում  խախտումներն էականորեն նվազել  են: Երեխաների առօրյան կազմակերպվում է բացօթյա տարածքներում, հիմնականում պահպանվում են հակահամաճարակային կանոնները:

Կրթության տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումները շարունակական բնույթ են կրում: Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսչական մարմինը ներկայացնում է պարետատուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում