«Իմ քայլը» առաջարկում է վերացնել ըստ էության մեկ տնտեսավարողի վերաբերող հարկային արտոնությունը
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ներկայացրել են օրենքի նախագիծ, որով առաջարկում են վերացնել ճանապարհային հարկի համար տրված արտոնությունը, որը, հեղինակների պնդմամբ, վերաբերում էր միայն մեկ տնտեսավարողի, ավելին՝ օրենքի կարգավորումը տրվել է հենց այդ տնտեսավարողի համար: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ ապրիլի 28-ի արտահերթ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ այդ նախագծով փորձում են վերացնել ժամանակին օրենքով մեկ անձի տրված մենաշնորհը:
«2017-ի վերջին մի համայնքապետ նամակով դիմում է այն ժամանակվա գործող վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով, որ իր համայնքում գործարար միջավայրը բարելավելու, նոր աշխատատեղեր ստեղծելու համար Հարկային օրենսգրքում սահմանվի արտոնություն: Կառավարության կողմից հավանության է արժանանում այս գաղափարը, և 6-րդ գումարման ԱԺ-ն ընդունում է Հարկային օրենսգրքում մի փոփոխություն, որը, թվում է, թե առաջին հայացքից իսկապես լավ բան է»,-ասաց Գաբրիելյանը՝ պարզաբանելով` արտոնության էությունը կայանում է նրանում, որ եթե Իրանից մեքենան գալիս է մինչև Մեղրիի մաքսակետից 1 կմ հեռավորության վրա գտնվող պահեստ, ապա ազատվում է ճանապարհային հարկի վճարումից (յուրաքանչյուր մեքենայի համար մոտ 300 դոլարից):
Պատգամավորը հավելեց, որ սահմանից մինչև 1 կմ հեռավորության վրա դեռևս 2004-ից գործում է մեկ պահեստ, որը ստանում է մաքսային պահեստի լիցենզիա: Եվ ֆիզիկապես երկրորդ պահեստ հնարավոր չէ այնտեղ կառուցել: Փաստացի այդ պահեստը 2 տարի օգտվում է այդ արտոնությունից, եթե մեքենաներն իր մոտ են գալիս: Գաբրիելյանի խոսքով՝ պահեստի սեփականատերը համայնքապետի կինն է: «2019-ին այդ պահեստում Իրանից մուտք գործած մեքենաների 70 տոկոսը եղել է կրկին իր ընտանիքին պատկանող բիզնեսը, եղել է դիզվառելիքի ներմուծման բիզնես: Այսինքն՝ ամեն մեքենան մոտ մինչև 300 դոլար արժողությամբ ճանապարհային հարկը չի վճարել»,-ասաց նա:
Օրեր առաջ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հայտարարել էր, որ փակվել է իր կնոջ «Ագարակ տերմինալ» ՍՊ ընկերությունը, որին էլ պատկանում է հիշյալ պահեստը:
Պատգամավորը նշեց, թե տվյալ համայնքապետը վերջին 2 օրերին հարցազրույցներ է տալիս ու ասում, թե իր բիզնեսին են կպնում՝ հայտնի միջադեպից՝ վարչապետի Սյունիք այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո: Պատգամավորը տեղեկացրեց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել ապրիլի 1-ին կամ 2-ին: «Այսինքն՝ այդ միջադեպից 25 օր առաջ այդ շրջանակը կարծես թե հասկացել էր, որ այս խորհրդարանը գտել է այդ մեկ անձի համար գրված օրենքը: Ավելին՝ ՊԵԿ նախագահի տեղակալն ապրիլի 21-ին է այցելել տվյալ պահեստ և տեղում արձանագրել կոպտագույն խախտումներ, որոնք հետագայում ՊԵԿ նախագահի հրամանով համարվել են գործունեության համար անհամատեղելի, և դադարեցվել է տվյալ մաքսային պահեստի գործունեությունը, այսինքն՝ դա եղել է այդ միջադեպից 5 օր առաջ: Կարծում եմ, որ մեր քաղաքացիներին ակնհայտ է, թե հատկապես ինչու այդ շրջանակը նման կերպ էր արձագանքում վարչապետի այցին»,-ասաց Գաբրիելյանը:
Ըստ նրա՝ այդ արտոնությունը խանգարում էր, որ մյուս տնտեսավարողներն այստեղ պահեստ բացեին, որովհետև իրենք այդ 1 կմ-ի մեջ չէին կարողանում պահեստ կառուցել:
Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 79 կողմ, 2 ձեռնպահ ձայներով:
Գործող օրենքով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի վճարումից ազատվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողները, եթե նշյալ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից առավելագույնը մեկ կիլոմետր հեռավորության վրա` մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում:
ՊԵԿ նախագահը լրագրողների հետ զրույցում ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մեղրիում գործող մաքսային պահեստի գործունեության լիցենզիան կասեցվել է՝ հայտնաբերված խախտումների արդյունքում, դրանց շտկման դեպքում ՊԵԿ-ը կվերանայի որոշումը:
Կարծիքներ