«Հայրիկը երկնքում է, աստղերն է ներկում վարդագույն». 44-օրյա պատերազմում փոքրիկ Ալեքսանդրան կորցրեց հայրիկին . ՀԺ

«Հայրիկը երկնքում է, աստղերն է ներկում վարդագույն». 44-օրյա պատերազմում փոքրիկ Ալեքսանդրան կորցրեց հայրիկին . ՀԺ

Արցախյան 44-օրյա պատերազմից անցավ մեկ տարի, սակայն պատերազմի թողած հետքերն ու ցավը շարունակում են ուղեկցել մարդկանց: Այս օրը ծանր է հատկապես պատերազմում իրենց զավակներին կամ ամուսիններին, հարազատներին կորցրածների համար. ծանր է նաև Լիլիթի համար:
44-օրյա պատերազմում Լիլիթը կորցրել է ամուսնուն: 27-ամյա Հարութ Պետրոսյանը մասնագիտությամբ ծրագրավորող էր, սակայն մասնագիտությունից զատ՝ երազանքն այլ էր. գրում է armtimes.com-ը:

Մեզ հետ զրույցում կինը պատմում է՝ Հարութը երազում էր աշխատանքի անցնել Ազգային անվտանգության ծառայության զորքերում: Մեկ տարի էր արդեն, ինչ աշխատում էր: Դժվար էր, բայց համակերպվել էի. «Արցախում ենք բնակվում՝ Ստեփանակերտում: Աշխատանքի էր անցել, ոչ թե որպես զինծառայող, այլ աշխատանք էր կատարում: Մեծ սիրով էր գնում աշխատանքի, որովհետև իր երազանքն էր: Երբ պատերազմն սկսվեց, ոչ մի տեղեկություն չունեի, չգիտեի էլ, որ ինքն էլ է մասնակցում: Միայն զանգահարում էր, հարցնում՝ ինչպե՞ս ենք, ի՞նչ ենք անում: Գիտեի, որ մեկ շաբաթ Եղնիկներում էր ծառայում, հետո մի քանի օր եկավ քաղաքում աշխատելու, որոշ ժամանակ անց ասաց՝ բարձր տեղ է գնում, ես էլ մտածեցի՝ Շուշիում է»,- ասաց նա:

4 տարվա ամուսինները պատերազմի ընթացքում էլ միմյանց հետ անկեղծ են եղել: Լիլիթն ասում է՝ պատերազմի ողջ ընթացքում թեև պատերազմից քիչ էին խոսում կամ ընդհանրապես չէին խոսում, բայց խոսելիս էլ տեղի ունեցողին ռեալ աչքերով էին նայում: Պատերազմը ծանր էր նաև իրենց փոքրիկի համար.

«Շատ կապված էր հոր հետ ու շատ ժամանակ էին իրար հետ անցկացնում: Պատերազմի սկզբից շատ ծանր էր տանում, որ առանց հայրիկի է քնում: Մի ամիս իր մոտ սթրեսային վիճակ էր, հետո ավելի ծանր էր, որ հեռախոսով չէր խոսում հետը: Պատերազմի օրերին Հարութը, որքան հնարավոր էր, փորձում էր հետը կապ հաստատել, անգամ մի անգամ զանգահարել էր, ու նկարվում էին իրար հետ տարբեր ֆիլտրերով»,- հիշում է Լիլիթն ու հավելում՝ 3 տարեկան Ալեքսանդրայի համար հատկապես ծանր էր հայրիկին կորցնելուց հետո. «Մի հեռախոս էր գտել ու ամբողջ օրը խոսում էր այդ հեռախոսով, ոնց որ իրական լիներ: Այդ ժամանակ երկու տարեկան 4 ամսական էր: Այդ օրերին ինքը հոգեբանական ծանր վիճակում էր»:
Հարութի վիրավորվելու մասին լուրերը Լիլիթն իմացել է նոյեմբերի 5-ին, երբ Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց Արցախին նվիրված ակցիային էր մասնակցում. «Այդ օրը Արցախում բոլորն անհասանելի էին, դեսպանատնից քայլում էինք դեպի հրապարակ, ամուսնուս ընկերոջ կինը զանգեց, հարցրեց՝ խոսել եմ Հարութի հետ, ասում էր՝ Յաշան չկա (Յաշան Հարութի ընկերն էր): Հասա տուն, տեղեկացա, որ Յաշան զոհվել է, հետո ասացին՝ ցուցակում Հարութի անունը չկա, մտածեցի՝ վիրավոր է: Նույն օրը գիշերը զանագահրեցին, ու ամեն ինչ պարզ դարձավ»,- ասաց նա:
Վիրավորումը Հարութն ստացել է գլխի շրջանում, վնասվել էին և՛ գանգը, և՛ ուղեղը: Բժիշկները հույս չեն տվել, որ կապրի: Լիլիթը պատմում է՝ երբ Ստեփանակերտի հիվանդանոցն են գնդակոծել, և բոլոր հիվանդներին էվակուցրել են, Հարութին չեն տեղափոխել, ասել են՝ չի ապրի: Հետո նրա հորեղբայրն է գնացել և Արցախից Հարութին տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը, սակայն 27-ամյա տղան նոյեմբերի 11-ին մահացել է.
«Ուղեղն աշխատում էր, բայց սիրտը չէ: Վերջին օրն Ալեքսանդրային էի նստեցրել կողքը, մտածում էի՝ ինչ-որ հրաշք գուցե լինի: Հաջորդ օրը տնից դուրս չեկա, ի վիճակի չէի, հետո իր ընկերները եկան, հայացքներից հասկացա՝ Հարութն այլևս չկա: Երազ էլ էի տեսել՝ Հարութը դուռը բացում է և ներս մտում»:

Հիմա փոքր Ալեսանդրիայի համար հայրիկը երկնքում է՝ աստղերն է ներկում վարդագույն, իսկ Լիլիթի համար կյանքը թեև շարունակվում է, սակայն ոչ առաջվա նման: Ասում է՝ փորձում է ապրել, բայց անարդարության հանդեպ ցավը մեծ է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում