Սեպտեմբեր ամսին «911» ծառայությունում ստացվել է 45 210 զանգ. փրկարար ծառայությունն ամփոփել է աշխատանքային ամիսը

Սեպտեմբեր ամսին «911» ծառայությունում ստացվել է 45 210 զանգ. փրկարար ծառայությունն ամփոփել է աշխատանքային ամիսը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 27-ին նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփում:

Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Սեպտեմբերին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 45 210 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 47 182-ի դիմաց: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 327 ահազանգ: Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 1084 արտակարգ դեպք և պատահար, որից 671-ը՝ հրդեհի դեպքով:

Զեկույցներով հանդես են եկել նաև ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանը, ԱԻՆ ՓԾ ՓՈւՎ պետ Արմեն Գևորգյանը: Կ. Աթոյանը զեկուցել է, որ նշված ժամանակահատվածում բուժապահովման վարչություն է դիմել 141 բուժառու, որից 92-ն ուղեգրվել են ստացիոնար բուժման: Հաշվետու ժամանակահատվածում վարչության աշխատակիցները խորհրդատվություն են մատուցել 242 քաղաքացու: Ընթացիկ ամսում COVID-19-ի դեմ պատվաստվել է 152 փրկարար ծառայող, պատվաստվածների ընդհանուր թիվը հասել է 3157-ի: ԱԻՆ աշխատակիցների ավելի քան 88 տոկոսն արդեն պատվաստվել է, նշել է Կ. Աթոյանը:

Հոկտեմբերի 1-ից չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Նախարար Ա. Փիլոյանը հանձնարարել է ղեկավար կազմին հետևողական լինել այս հարցում:

ԱԻՆ ՓԾ ՓՈւՎ պետ Արմեն Գևորգյանն էլ իր զեկույցով տեղեկացրել է, որ «Արևիք» ազգային պարկի անտառային տարածքում սեպտեմբերի 15-ին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները դեռ չեն ավարտվել, և առկա է երկու ծխացող օջախ: Աշխատանքներում ներգրավված է եղել ՀՆՓԱԻԿ, Երևանի, Կոտայքի և Վայոց ձորի փրկարարական վարչությունների 155 ծառայող, զինծառայողներ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ:

Սեպտեմբեր ամսվա գործունեության արդյունքները ներկայացրել են նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Մասնավորապես, ներկայացրել են կադրային, տեխնիկական զինվածության վերաբերյալ հարցեր:

Խորհրդակցության ժամանակ ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանն անդրադարձել է հոգեբանական աջակցության պետական ծրագրին, որը կառավարության որոշմամբ համակարգում է ԱԻՆ-ը: Մոտ 1100 շահառուի համար անցկացվել է գրեթե 5000 սեանս:

Խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմի հետևանքով հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում