Երբ աչքերը բաց եք քնում. ի՞նչ է սա նշանակում
Երբեմն կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր քնում են աչքերը բաց, անգամ՝ լայն բացված աչքերով: Թեեւ կարող է կողքից վախենալու թվալ, սակայն սա ամենեւին սարսափելի երեւույթ չէ: CNN-ը փոխանցում է, որ սա մի իրավիճակ է, որը կոչվում է գիշերային լագոֆթալմոս:
Այն, ըստ Քնի ազգային հիմնադրամի, մեզանից ոմանց, այդ թվում նորածինների մոտ այն հանդիպում է:
Ըստ մասնագետների, մարդկանց 20 տոկոսի մոտ այս երեւույթը կարող է հանդիպել, եւ այն հաճախ ժառանգական բնույթ է կրում: Մեծանալուն զուգահեռ՝ հաճախ այն անցնում է:
Գիշերային լագոֆթալմոսը տեղի է ունենում այն պատճառով, եոր կոպերը չեն փակվում բավարար չափով, որպեսզի մասնակիորեն կամ ամբողջովին փակեն աչքը:
Սակայն երբեմն այն կարող է վկայել լուրջ խնդրի մասին՝ ինսուլտ, վահանաձև գեղձի հիվանդություն կամ դեմքի նյարդի վնասվածք:
Այդ պատճառով եթե մարդ բաց աչքերով է քնում, անհրաժեշտ է բժշկի խորհրդատվությանը դիմել:
Բացի այդ, բաց աչքերով քնելը կարող է խանգարել ձեր քունը: Լույսը խթանում է ուղեղը, եւ եթե բաց աչքերով եք քնում, դա վնասակար է աչքերի, ուղեղի համար: Ձեր կոպերը պետք է ամբողջությամբ փակվեն գիշերը, որպեսզի արցունքները և դրանց խոնավությունը կարողանան մաքրել և վերականգնել ձեր եղջերաթաղանթը:
Այսպիսով, գիշերային լագոֆթալմոսը կարող է հանգեցնել «չոր աչքերի» համախտանիշի, աչքերի տարատեսակ վարակների եւ նույնիսկ տեսողության մշտական խնդիրների:
Կան բաներ, որոնք դուք կարող եք անել, որպեսզի ձեր աչքերը լիարժեք փակվեն: Օրինակ՝ քնելիս աչքի դիմակ հագնելը կամ նույնիսկ հատուկ պատրաստված ակնոց, որը խոնավեցնում է: Օրվա ընթացքում արհեստական արցունքներ օգտագործելը և գիշերը օդը խոնավեցնող սարքը նույնպես կարող է օգնել:
Բժիշկները երբեմն խորհուրդ են տալիս վիրաբուժական ժապավեն օգտագործել՝ կոպերը փակելու համար: Ծայրահեղ դեպքում կարող եք դիմել վիրահատական միջամտության:
Եվ վերջապես՝ գլխավոր հարցը: Ինչպե՞ս հասկանալ՝ բաց աչքերո՞վ եք քնում, թե՞ ոչ: Եթե միայնակ չեք քնում, նա, ով ձեզ հետ անկողին է կիսում, կարող է տեսնել եւ զգուշացնել: Իսկ այ եթե միայնակ եք քնում, քնած ժամանակ ոչ ոք չի տեսել ձեզ, գիշերային լագոֆթալմոսի առկայության մասին կարող են վկայել հետեւյալ նշանները՝ հաճախակի արթնանում եք չոր, հոգնած կամ քոր եկող աչքերով:
Նման պարագայում անհրաժեշտ է դիմել բժշկի:
Կարծիքներ