Հայաստանի ազգային արխիվը մասնակցել է առցանց միջտարածաշրջանային գիտագործնական կոնֆերանսի

Հայաստանի ազգային արխիվը մասնակցել է առցանց միջտարածաշրջանային գիտագործնական կոնֆերանսի

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Բաբկեն Սահակյանը սեպտեմբերի 29-ին առցանց ձևաչափով մասնակցել է «Լենինգրադի բլոկադան ՌԴ և ԱՊՀ երկրների պետական արխիվների փաստաթղթերում» միջտարածաշրջանային գիտագործնական կոնֆերանսին:

«Պատմում են արխիվները…» նախագծի շրջանակներում Սանկտ-Պետերբուրգում անցկացվող կոնֆերանսին մասնակցում էին Ռուսաստանի տարածաշրջանների արխիվային հիմնարկությունների, թանգարանների, գրադարանների, ազգային-մշակութային և պատմալուսավորչական կազմակերպությունների ղեկավարներ: Հայաստանի ներկայացուցիչը մասնակիցներից միակն էր, ով ներկայացնում էր արտերկիրը:

Բաբկեն Սահակյանը  նախ  «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանի անունից ողջունել է կոնֆերանսի  մասնակիցներին, նրանց մաղթել  բեղմնավոր աշխատանք, ապա  խոսել Հայաստանի ազգային արխիվում պահվող և Լենինգրադի բլոկադային առնչվող փաստաթղթերի մասին։

«Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից հարյուր-հազարավոր հայ ռազմիկներ մեկնեցին ճակատ՝ մարդկությանը ֆաշիստական գերությունից ազատելու համար: Ընդհանուր առմամբ, Հայրենական պատերազմին մասնակցել է ավելի քան 600 հազար հայ: Զինվորական հրամանատարական կազմում հայերը թվով չորրորդն էին (1079)՝ ռուսներից, ուկրաինացիներից ու բելառուսներից հետո»,-ասել է բանախոսը:

Լենինգրադի հերոսական պաշտպանությունը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Բաբկեն Սահակյանի գնահատմամբ, ՀՄՊ-ի ամենանշանակալի իրադարձություններից մեկն էր, որը դարձավ խորհրդային ժողովուրդների միասնության և խիզախության պայծառ օրինակ: Այդ մարտերին հերոսաբար մասնակցեցին նաև հազարավոր հայ զինվորներ: Նրանցից շատերը լենինգրադյան ռազմաճակատում ընկան հերոսի մահով:

Առանձնապես աչքի ընկած մեր հայրենակիցներից նա հիշել է Պաշտպանության պետական կոմիտեի անդամ Անաստաս Միկոյանին, ով հանձն էր առել պաշարված քաղաքը պարենով ապահովելու դժվարագույն խնդրի լուծումը, աշխարհահռչակ արևելագետ Հովսեփ Օրբելուն, ով կազմակերպում էր Էրմիտաժի հիրավի անգին թանգարանային ցուցանմուշների էվակուացիան, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովին, ով Լենինգրադը պաշտպանում էր Բալթիկ ծովում և քաջարի օդաչու Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին:

«Ընդհանուր առմամբ, Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել է  շուրջ 30 հազար հայ ռազմիկ: Նրանցից 10 հազարը զոհվել է, այդ թվում՝ Խորհրդային Միության հերոսի կոչմանը հետմահու արժանացած՝ 416-րդ կործանիչ ավիագնդի հրամանատար Ղազար Չափչախյանը»։

«Բոլորն իրենց անգնահատելի ավանդն ունեցան Լենինգրադի պաշտպանության և հերոս քաղաքը թշնամուց վերջնականապես ազատագրելու սրբազան գործում»,- նշել է  Բ․Սահակյանը։։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում