Շուտով պատրաստ կլինի զոհված զինծառայողների մասին պատմող էլեկտրոնային հարթակը. Հայկ Սարգսյանը՝ իր նախաձեռնության մասին. ՀԺ

Շուտով պատրաստ կլինի զոհված զինծառայողների մասին պատմող էլեկտրոնային հարթակը. Հայկ Սարգսյանը՝ իր նախաձեռնության մասին. ՀԺ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը սույն թվականի մարտին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ պաշտպանության նախարարության հետ համագործակցելով՝ ցանկանում է կայք պատրաստել, որը կլինի մեկ միասնական հարթակ Ապրիլյան, 2020 թվականի հուլիսյան (Տավուշյան) և 44-օրյա պատերազմների ընթացքում զոհված մեր զինծառայողների կենսագրության, լուսանկարների և անցած ուղու հետ ծանոթանալու համար:

ՀԺ-ի հետ զրույցում Սարգսյանը հայտնեց՝ հարթակի պատրաստման աշխատանքները սկսվել են: «Կայքում զետեղված է լինելու տեղեկատվություն զոհված բոլոր զինվորների մասին,  լուսանկարները, տեսանյութեր նրանց մասնակցությամբ, կենսագրությունից տվյալներ: Կայքը հնարավորություն է տալու, որ մեր հերոսների հարազատներն իրենք էլ են կարողանան տեսանյութեր կամ նկարներ տեղադրել, մեկնաբանություններ գրել»:

 

Սարգսյանը նշեց՝ իր ֆեյսբուքյան գրառումից հետո բազմաթիվ ընկերություններ և անհատներ են արձագանքել, որոնք ցանկացել են օգնել այս մտադրությունն իրականացնելու գործում: «Ես որոշում կայացրի կայքի ստեղծումը սկսել Ucraft ընկերության հետ համատեղ: Խոսեցի ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի հետ, հանդիպեցինք, քննարկեցինք մանրամասները: Այժմ աշխատանքային խումբ կա, որը աշխատում է կայքի ստեղծման ուղղությամբ»:

Դիտարկմանը՝ ի սկզբանե իր հայտարարության մեջ նշված էր, որ ՊՆ-ի հետ համատեղ է կայքը ստեղծելու, ինչո՞ւ է մտափոխվել, պատգամավորը նշեց, որ ՊՆ-ն իր այս տարվա բյուջեում չունի նախատեսված գումար, որը կկարողանար տրամադրել այս նախագծին, այդ պատճառով էլ համագործակցում է Ucraft-ի հետ:

Պատգամավորի փոխանցմամբ՝ զոհված զինծառայողների տվյալները փոխանցում է պաշտպանության նախարարությունը:

«Ես ցանկանում էի տվյալների մեջ գրել նաև, թե որ զինվորը որ զորամասում է ծառայել, սակայն ՊՆ-ից հայտնեցին, որ տվյալ տեղեկատվությունն այս պահին նպատակահարմար չեն գտնում տրամադրել»:

Հայկ Սարգսյանը տեղեկացրեց՝ կայքում որոնման դաշտ է լինելու, որտեղ քաղաքացիները կկարողանան որոնել զինվորների անուն-ազգանունները և գտնել նրանց մասին ամեն ինչ:

«Մենք կապ ենք պահում նաև մարզպետարանների և համայնքապետարանների հետ՝ զինվորների մասին ինֆորմացիա ստանալու համար: Կայքում լինելու է նաև բաժին, երբ կկարողանան զինվորներին փնտրել ըստ բնակության վայրի՝ քաղաքի կամ գյուղի»:

Հարցին՝ վերջնականապես ե՞րբ պատրաստ կլինի կայքը, Սարգսյանը նշեց, որ մինչ այս տարվա վերջ կայքը կշահագործվի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում