Փարիզում հայ համայնքը բազմահազարանոց երթ է կազմակերպել դեպի Ադրբեջանի դեսպանատուն
Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում բազմահազարանոց երթ է անցկացրել` ի պաշտպանություն Արցախի Հանրապետության: Փարիզաբնակ լրագրող Էլլադա Ղուկասյանը մանրամասնեց, որ հայ համայնքի կողմից կազմակերպվող ակցիաները ավելի ու ավելի բազմամարդ են դառնում, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի տվյալների համաձայն` ակցիային մասնակցել է 15 հազար մարդ:
Էլլադա Ղուկասյանը հայտնեց, որ երթի մասնակիցները Փարիզի Հաշմանդամության պալատի մոտից հայտնի կենտրոնական փողոցներով, կամուրջներով շարժվել են դեպի Ադրբեջանի դեսպանատուն:
«Երթի մասնակիցները անընդհատ կրկնում էին, որ Ֆրանսիան պետք է ճանաչի Արցախի անկախությունը և չպետք է անտարբեր մնա այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին: Քանի որ այսօր ակցիան մարդաշատ էր, բավականին նկատելի էր դարձել Փարիզի բնակիչների համար: Մարդիկ նայում էին, հետաքրքրվում ակցիայից և տեղեկանում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի մասին»,- ընդգծեց Ղուկասյանը:
Փարիզաբնակ լրագրողի խոսքով` այսօր մեծ բողոքի ալիք էր բարձրացել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի դեմ, քանի որ նա հայտարարել էր, որ Ֆրանսիան պետք է չեզոք մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ:
«Հայերը դժգոհություն էին արտահայտում և ասում էին, որ կոնկրետ ագրեսիա է տեղի ունենում Ադրբեջանի կողմից, իսկ նա խոսում է չեզոքությունից»,- ասաց Ղուկասյանը:
Կարծիքներ