Մակրոնի ջանքերով, Պուտինն ու Բայդենը համաձայնել են հանդիպել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև, երկու կողմերն էլ ընդունել են առաջարկը։ «Հայկական ժամանակի» հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:
« Մակրոնը առաջարկել է գագաթնաժողով անցկացնել ԱՄՆ-ի նախագահ Բայդենի և ՌԴ-ի նախագահ Պուտինի, այնուհետ բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության հարցերով: Նախագահներ Բայդենն ու Պուտինը սկզբունքորեն ընդունել են նման գագաթնաժողովի գաղափարը», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ գագաթնաժողովը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե «Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա»։ Մոսկվան կտրականապես մերժում է Արևմուտքի կողմից հարևան երկրի վրա հարձակվելու՝ իրեն վերագրվող ծրագրերը։
Գագաթնաժողովի օրակարգը կպատրաստեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 24-ին կայանալիք հանդիպման ժամանակ, հավելել են Ելիսեյան պալատից։
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հաստատել է ամերիկացի առաջնորդի մտադրության մասին Փարիզի հաղորդագրությունը։
«Նախագահ Բայդենը սկզբունքորեն համաձայնել է կրկին հանդիպել նախագահ Պուտինի հետ, եթե ներխուժում չլինի»,-ասել է նա։
Հիշեցնենք, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառվ երեկ Էմանուել Մակրոնը մոտ երկու ժամ հեռախոսով խոսել էր Պուտինի հետ, այնուհետ՝ զանգել Զելենսկիին:
Հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, սադրանքներ է նախապատրաստում Ուկրաինայում, շարունակում են հնչել Արևմուտքից՝ չնայած զորավարժություններից հետո ռուսական զորքերի վերադարձին իրենց տեղակայման վայրեր։
ՌԴ-ում Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման Մոսկվային վերագրվող պլանները կտրականապես հերքվում են և անընդհատ հայտարարում, որ ոչ ոքի չի սպառնում, և բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ավելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա Ռուսաստանի սահմանների մոտ տեղադրելու համար։ Ինչպես ավելի վաղ ասել էր Լավրովը, Մոսկվան ոչ մի պատրվակ չի ստեղծում կոնֆլիկտային իրավիճակի համար։
Այս շաբաթ իրավիճակը Դոնբասում լրջորեն սրվել է, որի համար կողմերը փոխադարձաբար միմյանց են մեղադրում: Ռուսական կողմը պնդում է՝ Կիևը անտեսում է նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, բանակի մեծ մասը կենտրոնացրել է Դոնեցկի և Լուգանսկի հետ շփման գծում և պարբերաբար հրետակոծում է, այդ թվում՝ արգելված տեխնիկայի կիրառմամբ։ Ուկրաինական կողմն էլ Ռուսաստանին է մեղադրում բնակավայրերի ուղղությամբ կրակ բացելու ու մինսկյան պայմանավորվածությունները խախտելու համար:
Իրավիճակի սրման պատճառով ինքնահռչակ հանրապետությունները սկսել են կանանց, երեխաների և ծերերի տարհանումը Ռոստովի մարզ, ինչպես նաև հայտարարել ընդհանուր մոբիլիզացիա։
Կարծիքներ