Հանրային քննարկում. գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում

Հանրային քննարկում. գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով հանրային քննարկում, որը վարել են ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, բուհերի, գիտահետազոտական կազմակերպությունների, «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովին քննարկման հնարավորության համար՝ նշելով, որ խնդիրները քննարկելու և միմյանց տեսակետներն ավելի լավ հասկանալու հնարավորությունը երբեք ավելորդ չէ: Իր ելույթում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է գիտության ոլորտի զարգացման այն ուղղություններին, որոնք սահմանված են Կառավարության ծրագրով։ «Կառավարության ծրագրով գիտության զարգացմանն ուղղված հիմնական չորս ուղղություններ են առանձնացված: Առաջին ուղղությունը մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր ենթակառուցվածքների ստեղծումն է, և այստեղ էական առաջընթաց ունենք: Մասնավորապես՝ վերջին տարիներին գիտության ֆինանսավորումը շուրջ 280 տոկոսով ավելացել է, և դրա մեծ մասը կազմում են նաև ենթակառուցվածքներին ու գիտական սարքավորումների ձեռքբերմանն ուղղված հատկացումները: Համեմատության համար պետք է նշել՝ եթե 2020 թ. 359 միլիոն դրամ է տրամադրվել գիտական ժամանակակից սարքավորումների ձեռքբերման համար, ապա 2024թ. կատարվել է 4,2 մլրդ դրամի հատկացում: Հատկանշական է, որ այս կապիտալ հատկացումների միջոցով ձևավորում ենք արդիական ենթակառուցվածք, որտեղ կարող են իրականացվել ժամանակակից բոլոր հետազոտությունները: Սա, թերևս, առաջին հերթին մեր երկրում իրականացվող գիտական աշխատանքի և դրա որակի բարձրացման լավագույն գրավականներից է: Այս ուղղությամբ քաղաքականությունը շարունակվում է, և հաջորդ տարվա շրջանակում ևս կապիտալ ծախսերը էական մաս են կազմելու. արդեն իսկ ունենք բավարար թվով հայտեր՝ ստացված գիտական կազմակերպություններից ու բուհերից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն առանձնակի ընդգծել է, որ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ամենամեծ աշխատանքները թեև ուղղված են ակադեմիական քաղաքին, որը նոր միջավայր է ձևավորելու, սակայն որևէ կերպ այն չի կասեցնում ընթացիկ աշխատանքները, որոնք լինելու են շարունակական:

«Բնականաբար, ըստ սահմանված որակական չափանիշների պետք է պատրաստ լինենք ակադեմիական քաղաք գնալու, իսկ դա պահանջում է ժամանակ: Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում այս պահին իրականացվող բոլոր աշխատանքները միտված են նրան, որպեսզի այդ նոր միջավայրում ունենանք այն նոր բովանդակությունն ու որակը, որը թույլ է տալու նաև հասկանալ, որ այդ ծրագիրն արդյունավետ է և որակական արդյունքներ է բերում»,- նշել է նախարարը։

Որպես Կառավարության ծրագրի երկրորդ կարևոր ուղղություն՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է գիտության ոլորտի աշխատողների որակավորման բարձրացման և երիտասարդ կադրերի ներգրավման գործընթացը, որտեղ ևս լուրջ առաջընթաց կա:

«Նախևառաջ, կարևոր ցուցանիշ է գիտական աշխատողների թիվը. գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ ունեցել ենք բազային ծրագրերում ընդգրկված գիտական աշխատողների թվի նվազում, որը եղել է ոչ մրցունակ գիտական աշխատանքով զբաղվելու հետևանք: 2022 թվականին մեզ հաջողվել է առաջին անգամ ոլորտում իրականացվող քայլերի հետևանքով ունենալ իրավիճակ, երբ ոչ թե գրանցել ենք գիտաշխատողների թվի նվազում, այլ ավելացում. 296 հոգի ներգրավվել է բազային ֆինանսավորման ծրագրերում: Սա նշանակում է, որ նրանք սկսել են աշխատել գիտական կազմակերպություններում և բուհերի համապատասխան ստորաբաժանումներում, ինչը շարունակվել է նաև 2023 թվականին»,- ներկայացրել է նախարարը:

Ըստ նրա՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ կա մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների, հետազոտողների մեծ համամասնություն, ինչը նշանակում է, որ իրականացվող ծրագրերը, որոնք նաև գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացմանն են ուղղված, տալիս են իրենց արդյունքը:

«Հաջորդ տարվա հունվարի մեկը լինելու է վերջին տարին, երբ արդեն կունենանք 2021թ. սկիզբ դրված և 2022 թ. հունվարից ուժի մեջ մտած բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտաշխատողների ատեստավորման և աշխատավարձերի նորմավորման քաղաքականության այս փուլի ավարտը: Այստեղ ունենք մինչև 300 տոկոս վարձատրության բարձրացում, որը էապես նպաստում է ոլորտի գրավչությանը, և երիտասարդ գիտնականներն ավելի ու ավելի շատ են որոշում, որ պետության ֆինանսավորմամբ գիտության զբաղվելն իրենց համար ընդունելի ու նախընտրելի ուղեգիծ է: Ընդ որում՝ աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է միայն բազային ծրագրերին, և եթե գիտաշխատողը կամ հետազոտողը նաև թեմատիկ դրամաշնորհային որևէ ծրագրի շահառու է, ապա, բնականաբար, դրանով նախատեսված վճարումները գալիս են գումարվելու նրա ընդհանուր եկամուտին, ինչն արդեն բավականին զգալի ամսական ֆինանսավորում է և հնարավոր է դարձնում գիտությամբ զբաղվելն այդ բոլոր ուղղություններով»,-ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ առանձին ծրագրեր են իրականացվում՝ խրախուսելու երիտասարդ գիտնականների ասպիրանտական հետազոտությունները, և այդ իմաստով էլ առկա են բավական լավ արդյունքներ: Օրինակ՝ «PostDoc-Armenia» ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդ հետազոտողներին 12-24 ամսով իրենց հետազոտական աշխատանքներն իրականացնել համակարգում: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև վերապատրաստման ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս գիտական կազմակերպությունների աշխատակիցներին վերապատրաստվելու աշխարհի լավագույն գիտական կենտրոններում:

«Հաջորդ կարևոր ուղղությունը Կառավարության ծրագրով գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումն է. այս ուղղությամբ բավականին աշխատանքներ են արվել՝ վերանայվել են տարակարգերի և ատեստավորման հին մեխանիզմները, և նոր չափորոշիչներ են սահմանվել: E-draft հարթակում հանրային քննարկման ենք ներկայացրել համապետական ատեստավորման ծրագիրը, որի վերաբերյալ մինչև ամսի 29-ն ընդունվում են առաջարկներ: Նոր չափորոշիչների համապատասխան ատեստավորումը նախատեսվում է 2026 թվականին. վստահ եմ, որ այս ատեստավորման գործընթացը բերելու է արդյունավետության բարձրացման նաև այս ուղղությամբ: Հանրային քննարկման է դրված նաև ֆինանսավորման կարգը, որը վերաբերում է բազային, նպատակային, թեմատիկ ֆինանսավորումների բոլոր ուղղություններին: Խնդրում եմ ձեր առաջարկները ներկայացնել նաև ֆինանսավորման կարգի հետ կապված, որը օգնելու է մեզ ֆինանսավորման ձևաչափը դարձնել ավելի տրամաբանական ու այն առավել համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին: Ընդհանուր առմամբ՝ մենք այսօր հասել ենք մի կետի, երբ պետական ֆինանսավորման շուրջ 58,4 տոկոսը բաշխվում է մրցութային ձևաչափով, իսկ 41%-ը՝ ուղիղ հատկացումների միջոցով»,-նշել է նախարարը՝ ընդգծելով՝ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սա ֆինանսավորման արդյունավետության լավագույն հավասարակշռությունն է, որը նաև ավելի հաջողված համակարգ ու զարգացում ունեցող երկրներում է գործում:

Ժաննա Անդրեասյանը նաև կարևորել է, որ գիտության ոլորտում ներդրվել է կառավարման միասնական էլեկտրոնային հարթակ, ինչն այս պահին թույլ է տալիս ամփոփ և ամբողջական տեղեկատվություն ունենալ, մոնիթորինգ իրականացնել և խոսել ծրագրերի արդյունավետության մասին:

«Ներկայում աշխատում ենք գիտության զարգացման ռազմավարության մշակման վրա. այս բոլոր աշխատանքներից հետո պետք է հասկանալ՝ որոնք են հաջորդ փուլի թիրախները, և ինչպես ենք առաջ շարժվում: Պլանավորում ենք, որ գիտության ռազմավարությունը պատրաստ կլինի 2025-2030 թվականներին, ինչը կհամապատասխանեցվի նաև Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի և ակադեմիական քաղաքի տրամաբանության հետ՝ սահմանելով հստակ թիրախներ, որոնք էլ թույլ կտան հասկանալ՝ ինչպես են այս տարբեր բաղադրիչները միասին աշխատում: Մենք երբեք չենք կարող անել ամեն ինչ ու միանգամից. պետք է գիտության զարգացման տրամաբանության մեջ հասկանալ, թե որ ուղղություններում ենք կենտրոնացնում մեր ջանքը՝ ավելի մեծ արդյունք ունենալու համար, որը կհամապատասխանի որոշակի ստանդարտների և կնպաստի հանրային զարգացմանը»,-իր խոսքն ամփոփել է նախարարը:

«Հայաստանի աշխարհագրական դիրքը, առավելություններն ու ավանդույթները հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ գիտակրթական, տեխնոլոգիական ներդրումներն են, որ առավելագույն արդյունք կարող են ապահովել: Ուզում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել, որ սա կարևորագույն թեմա է մեզ համար, և մենք պատրաստ ենք առավելագույն ջանքեր ներդնել, որպեսզի ճիշտ լուծումների գանք»,-նշել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ սա է հիմնական պատճառը, որ վերջին տարիներին գիտության ոլորտում բյուջետային մեծ հատկացումներ են արվում:

Քննարկմանը ելույթ են ունեցել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Էկոնոմիկայի նախարարության և «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչները, այնուհետև հաջորդել է հարցուպատասխանի փուլը: Քննարկման մասնակիցները բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը, անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին, կարևորել բուհ-գիտություն կապի ամրապնդումը, կրթության որակի բարձրացումը, հանդես եկել առաջարկներով:

Հանդիպման ավարտին Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ նմանատիպ քննարկումները կլինեն շարունակական: Մասնավորապես՝ տարեսկզբին նախատեսվում է քննարկել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում