Կայքերը նախապես թիրախավորվում են, ուսումնասիրվում, հետո սկսում են աշխատել դրանց վրա. hraparak.am

Կայքերը նախապես թիրախավորվում են, ուսումնասիրվում, հետո սկսում են աշխատել դրանց վրա. hraparak.am

Գրել էինք, որ ադրբեջանական հաքերային հարձակման են ենթարկվել հայկական մի շարք ԶԼՄ–ների կայքէջեր։ Լրահոսի փոխարեն այդ կայքերում տեղադրված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը և գրված է. «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Հարձակման են ենթարկվել մասնավորապես armenpress.am, mediamax.am, hetq.am, a1plus.am, mamul.am, news.am, 1in.am, armtimes.com, blognews.am կայքերը։ Աշխատանքներ են տարվում հարձակումը կասեցնելու և կայքերի աշխատանքը վերականգնելու համար, կայքերից շատերն արդեն իսկ վերականգնված են: Երեկվանից մեր կայքի վրա ևս փորձում են հարձակում գործել, կոտրել այն, սակայն շնորհիվ մեր կայքի անվտանգությունն ապահովող ընկերության՝ «ԴԻՋԻՖԵՆՍ»-ի, այդպես էլ չի հաջողվում մուտք գործել Hraparak. am։ 

Մեզ հետ զրույցում  «ԴԻՋԻՖԵՆՍ»-ի հիմնադիր տնօրեն Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ այնպես չէ՝ հարձակման փորձերը երեկ են սկսվել, դրանք միշտ են եղել, պերմանենտ են:

«Կոնկրետ երեկվա դեպքերի հետ կապված, մեծ հաշվով, չի կարելի ասել, թե կայքերն են ջարդել, ուղղակի կարողացել են մուտք ունենալ դեպի cloudflare, իսկ մեր կայքերի  մեծամասնությունը հենց դրանով է աշխատում։ Փոփոխություններ են արել, դրանք տեղափոխել արդեն այլ էջերի վրա։ Սա, նորից կրկնեմ, կայք կոտրել չի, բայց, ամեն դեպքում, այո, կրկին անվտանգության խնդիր է։ Խնդիրն այն է, որ նման կերպ կայքի վրա իրենք ցանկացած փոփոխություն անել չեն կարող, քանի որ չկա կայքի լիարժեք կոտրում»,- ասաց Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանի խոսքով՝ կայքերը նախապես թիրախավորվում են, ուսումնասիրվում, հետո նոր սկսում են աշխատել դրանց վրա, փորձել կոտրել դրանք։ Նա նկատեց նաեւ, որ կայքեր կան այս պահին մեր դաշտում, որոնց խոցելիությունն արդեն իսկ գտնված է, սակայն դեռ դրանց վրա չեն աշխատում, սպասում են իրենց համար հարմար ժամանակի։

Հարցին, թե իրենք  հստակ կարողանու՞մ են հասկանալ՝ որտեղից, որ երկրից են հարձակման փորձեր կատարվում, Մարտիրոսյանը պատասխանեց.

«Գիտեք, դա, ճիշտն ասած, այդքան էլ հստակ չի։ Օրինակ՝ երեկվա դեպքերից հարձակումներ եղել են Մալազիայից, Չինաստանից, այսինքն՝ որպես կանոն, այնտեղից չեն անում այդ հարձակումները, որտեղից հնարավորինս հեշտ կարող ենք գտնել դրանք։ Այո, եթե մեզ տան կոնկրետ հնարավորություն մուտք ունենալ դեպի որևէ սերվեր, այդ դեպքում արդեն հստակ կարող ենք ասել՝ որտեղից են «կպել»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը։

«ԴԻՋԻՖԵՆՍ»-ի հիմնադիր տնօրենը նաեւ ասաց, որ հիմնականում «կայքի թվերից» էլ կարելի է հասկանալ՝ ինչ է կատարվում կայքի բնականոն աշխատանքի հետ, հարձակում կա, թե ոչ։

«Տեսեք, կա բալանս, որի միջոցով կարելի է եզրակացություն անել, թե կոնկրետ կայքը ինչ վիճակում է կոնկրետ պահի։ Եթե օրինակ մի կայքում միջինում վայրկյանում պետք է լինի 2-ից 3 հազար դիտում, թեպետ դրանք իրականում դիտումներ չեն, մեր լեզվով ասած «զապրոս» , բայց հանկարծ տեսնում ենք, որ անտրամաբանական թվեր ենք ունենում, ասենք, տասնյակ հազարների հաշվով, արդեն իսկ կռահում ենք, որ մի բան այն չէ, անգամ այն դեպքում, որ եթե կոնկրետ լրատվական կայքում ինչ-որ սենսացիոն, էքսկլուզիվ նյութ է տեղադրվել, մեր դաշտի համար այդ մեծ թվերը անտրամաբանական են։ Թեպետ չի կարելի ասել, թե եթե թվերը բարձր են, ապա միանաշանակ հարձակում է, կարող է ուղղակի կայքի հետ կապված այլ խնդիրներ էլ լինեն, մենք հստակ ուսումնասիրում ենք, նոր հասկանում»,- ասաց Մարտիրոսյանը։ 

Մանրամասները՝ hraparak.am - ում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում