Հանձնակատարի գրասենյակը վերհանում է սփյուռքի ներուժը. Սինանյանը մանրամասներ հայտնեց ծրագրերից

Հանձնակատարի գրասենյակը վերհանում է սփյուռքի ներուժը. Սինանյանը մանրամասներ հայտնեց ծրագրերից

 ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը «Սփյուռքի ներուժի քարտեզագրում» ծրագրի շրջանակում ստեղծվել է տվյալների մուտքագրման փակ բազա՝ վերահանելու սփյուռքի ներուժը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր ամփոփիչ ասուլիսում` մանրամասներ ներկայացնելով գրասենյակի ծրագրերից:

«Սփյուռքի ներուժի քարտեզագրում» ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է տվյալների մուտքագրման փակ, անընդհատ թարմացվող և բազմաֆունկցիոնալ բազա: Ծրագրի նպատակն է ստեղծել սփյուռքի մարդկային ներուժի տվյալների մի համապարփակ բազա, որտեղ կարտացոլվեն այն սփյուռքահայերի ամբողջական տվյալները, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանը: Երկար տարիներ անպատասխան մնացած այն հարցին, թե որն է սփյուռքի իրական ներուժը, մենք այս ծրագրի միջոցով պատասխանում ենք, վերահանում ենք այդ ներուժն ու հստակ պատկերացում կազմում»,-ասաց Սինանյանը:

Անդադառնալով ՀՀ կառավարության սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2020 թվականի ծրագրին՝ նա նիշեցրեց, որ ծրագրի շրջանակներում ժամանած 50 մասնագետներից կեսից ավելին հայրենադարձվել է, իսկ 14-ը՝ մշտական աշխատանքի անցել պետական համակարգում՝ զբաղեցնելով նաև ղեկավար պաշտոններ, ինչպիսին են Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենի, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի, «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի հայաստանյան տաղավարի ղեկավար պաշտոնները: Մասնակիցներից մեկն էլ տեղափոխվել է Արցախ և հիմնվել Hub Artsakh կազմակերպությունը:

«իԳործ» 2021-ի շրջանակում ևս 50 մասնագետներ՝ 14 երկրներից, արդեն իսկ Հայաստան են ժամանել և աշխատանքի անցել 26 պետական մարմիններում: Այս տարի գերատեսչությունների ցանկն ընդլայնվել է, մասնագետներ կան՝ Գիտության կոմիտեում, Ֆինանսների նախարարությունում, ՍԴ-ում, նախագահի աշխատակազմում, Արցախի պետական նախարարի աշխատակազմում և այլուր: Մասնագետների միջին տարիքը 33 է»,-ասաց Սինանյանը:

«Քայլ դեպի տուն» ծրագրին, որն անցկացվել էր հունիսի 21-ից օգոստոսի 14-ը, մասնակցել էին 24 երկրներից ժամանած շուրջ 400 սփյուռքահայ պատանիներ և երիտասարդներ՝ 13-18 տարեկան: Ծրագիրն ունի ուսումնաճանաչողական և կրթամշակութային ուղղվածություն, և ամբողջ կրթական բաղադրիչն իրականացվել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից: Մասնակիցների համար կազմակերպվել են պատմաճանաչողական, հայոց լեզվի, արևմտահայերեն և արևելահայերեն, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ՝ Հայաստանի պատմամշակութային վայրեր և կրթական կենտրոններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում