Պատգամավորը ներկայացրեց մի շարք առաջարկություններ՝ ուղղված պաշտպանության ոլորտի բարեփոխումներին

Պատգամավորը ներկայացրեց մի շարք առաջարկություններ՝ ուղղված պաշտպանության ոլորտի բարեփոխումներին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանի կարծիքով` Հայաստանի անվտանգային միջավայրի արմատական փոփոխությունների պայմաններում ավելի կարևոր է խոսել ոչ թե արվածի կամ չարվածի մասին, այլ կենտրոնանալ երկրի նոր անվտանգային միջավայրի ստեղծման վերաբերյալ պատկերացումների վրա և նախանշել անելիքները մոտակա կարճաժամկետ և միջնաժամկետ ժամանակահատվածներում:

Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում նշեց, որ հանձնաժողովը ապագա գործունեության ընթացքում պետք է հիմնվի հետևյալ դրույթների և մոտեցումների վրա:

«Նախ և առաջ ազգային անվտանգությունը պետք է դիտարկվի որպես ժողովրդավարական և զարգացած հասարակության գործառույթներ: Երկիրը, որը չունի հարուստ բնական պաշարներ, որը մշտապես բախվում է տարբեր բնույթի սպառնալիքների, այդ թվում` տնտեսական շրջափակման, հարկադրված է մշտապես փոփոխվել, որպեսզի պահպանի արդյունավետ կառավարման և զարգացման հնարավորությունները: Օգտագործելով թե ներքին, թե սփյուռքի ինտելեկտուալ պոտենցիալը՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա գիտության և տեխնոլոգիաների ինկուբատոր, ուստի անհրաժեշտ եմ համարում առաջնային ներդրումներ կատարել կրթության և տեխնոլոգիաների բնագավառների զարգացման մեջ»,- ընդգծեց Քոչարյանը:

Պատգամավորն անհրաժեշտ է համարում կառավարության, անվտանգության խորհրդի քարտուղարության Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի ներգրավվածությամբ կազմել  մասնագիտական աշխատանքային խումբ, բազմակողմանի ուսումնասիրել 2020 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը և առաջարկել իրավիճակին համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

«Միաժամանակ, ռազմական դոկտրինի տեսակետից որպես հիմնական ռազմավարական նպատակ, առաջարկում եմ դիտարկել տարածաշրջանային և միջազգային արդյունավետ համագործակցությունը որպես պատերազմի կանխման և զսպման միջոց: Վերակառուցել զինված ուժերը՝ դրանք մոտեցնելով գիտական ներուժ ունեցող անձնակազմի տեխնիկայի և սպառազինության թվաքանակին ու հաստիքային կառուցվածքին: Վերանայել զինված ուժերում կիրառման դրված մարտական փաստաթղթերն ու մարտական կանոնագրքեր՝ ներառելով դրանցում ժամանակակից ռազմական գիտության ու ռազմարվեստի տեսության պահանջները»,- ասաց Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում