«Եթե մենք Ավստրիայում կիրառենք «Սպուտնիկ V»-ը, ապա կկարողանանք առաջիկա 100 օրում արագացնել պատվաստման գործընթացը». Սեբաստիան Կուրց

«Եթե մենք Ավստրիայում կիրառենք «Սպուտնիկ V»-ը, ապա կկարողանանք առաջիկա 100 օրում արագացնել պատվաստման գործընթացը». Սեբաստիան Կուրց

 

Ավստրիայի կառավարության ղեկավար, կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը օգտակար կլինի երկրի համար, քանի որ այն կարող է Ավստրիայում արագացնել պատվաստումների գործընթացը, հաղորդում է lenta.ru-ն:

Կանցլերի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ դեղագործական շատ կազմակերպություններ մատակարարում են պատվաստանյութերի միայն 50 տոկոսն այն ծավալի, ինչի մասին պայմանավորվել էր Եվրամիությունը, հաջորդ 100 օրերին Ավստրիան հնարավորություն կունենա առնվազն առաջին պատվաստումն առաջարկելու յուրաքանչյուրին, որը կցանկանա պատվաստվել:

«Եթե մենք կիրառենք «Սպուտնիկ V»-ը, ապա կկարողանանք դա արագացնել»,- շեշտել է Կուրցը՝ Զատկի տոների առթիվ իր տեսաուղերձում:

Ավստրիան մտադիր է ապրիլին պատվաստել 65-ն անց բնակչությանը, մայիսին՝ 50-ն անց բնակիչներին, հունիսին՝ մնացած տարիքային խմբերին, որ ամռանը հնարավոր լինի վերադառնալ բնականոն կյանքին:

«Մենք հուսով ենք, որ ավագ սերնդի պատվաստման միջոցով մայիսին կկարողանանք հասնել շրջադարձային պահի, որի դեպքում հիվանդանոցներում լարվածությունը կնվազի, և մենք կկարողանանք սահմանափակումները վերացնելու միջոցառումներ ընդունել, որին բոլորս ենք սպասում»,- մանրամասնել է Կուրցը:

Նշենք՝ մարտի 31-ին Կուրցը ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկիի հետ հանդիպումից հետո տեղեկացրել էր, որ Մոսկվան և Վիեննան «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնման շուրջ գործարքից առաջ եզրափակիչ փուլում են, չնայած որ դեղերի եվրոպական գործակալությունը դեռ չի գրանցել այս դեղամիջոցը:

Կազմակերպությունը հստակեցրել է, որ անհրաժեշտ ստուգումները շարունակվում են:

Ավստրիան արդեն հաջորդ շաբաթ կարող է պատվիրել ռուսական պատվաստանյութը: Կուրցի խոսքով՝ այս պահի դրությամբ երկրի կառավարությունը բժիշկների հետ քննարկում է «Սպուտնիկ V»-ի ազգային գրանցման հնարավորության հարցը:

Հիշեցնենք՝ ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում