Եվրահանձնաժողովն անբավարար է գնահատում եվրոգոտու անդամակցության թեկնածու երկրների կարողությունները
Եվրոգոտու անդամակցության թեկնածու երկրներից ոչ մեկ ամբողջությամբ չի համապատասխանում անհրաժեշտ ֆինանսատնտեսական չափանիշներին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի (ԵՀ) համապատասխան հաշվետվության մեջ։
ԵՀ-ն գնահատել է վեց երկրների՝ մաաստրիխտյան չափանիշներին համապատասխանությունը, որոնք անհրաժեշտ են եվրոգոտուն անդամակցելու համար։ Դրանց թվում են Բուլղարիան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան, Չեխիան և Շվեդիան: Չափանիշների մեջ մտնում են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ֆինանսական համակարգի կայունությունը, գների մակարդակը և արժույթի կայուն փոխարժեքը: Նշվում է, որ չնայած որոշակի ցուցանիշների գծով ձեռք բերված առաջընթացին, ներկայում ոչ մի պետություն չի համապատասխանում եվրոգոտուն միանալու բոլոր չափանիշներին։
ԵՀ-ն տնտեսական առաջընթացի վերաբերյալ հաշվետվություններ է հրապարակում երկու տարին մեկ կամ ԵՄ որևէ երկրի հատուկ խնդրանքով՝ գնահատելու համար եվրոգոտուն միանալու նրա պատրաստականությունը: ԵՄ խորհուրդը, ստացված տվյալների հիման վրա, հետագայում որոշում է կայացնում, թե երկիրը կկարողանա արդյոք անցնել միասնական եվրոպական արժույթին։
Խորվաթիան վերջին երկիրն է, որը միացել է եվրոգոտուն (2023 թվականի հունվարի 1-ին):
1992 թվականին ստորագրվել է Եվրամիության մասին Մաաստրիխտի պայմանագիրը, որտեղ ամրագրվել է արժութային միության ստեղծման ընթացակարգը։ Սահմանվել են մաաստրիխտյան չափանիշները՝ եվրոգոտուն անդամակցելու համար անհրաժեշտ պահանջները։ Ներկայում եվրոգոտում կա 20 պետություն, եվրոն շրջանառության մեջ է նաև 5 երկրում, որոնք պաշտոնապես ԵՄ անդամ չեն՝ Անդորրայում, Վատիկանում, Մոնակոյում, Սան Մարինոյում, Չեռնոգորիայում։
Կարծիքներ