Ես աթեիստ եմ, բայց եթե հանդիպեմ Աստծուն, կասեմ՝ հերիք է

Ես աթեիստ եմ, բայց եթե հանդիպեմ Աստծուն, կասեմ՝ հերիք է

Ռազմական լրագրությունն ընտրեցի, երբ երիտասարդ էի ու կյանքիս համար չէի վախենում: Կարծում էի՝ անմահ եմ, արկածներ էի փնտրում, սիրում էի վտանգել կյանքս, հետո ուրախանալ, թե ողջ մնացի: Կյանքումս շատ պատերազմներ եմ նկարել: Զինվորականները մեզ ասում են՝ դուք մեր զինակիցներն եք, միայն թե ձեր զենքն ու համազգեստ այլ է, համ էլ մարդիկ մեզ տեսնելիս վախենում են, իսկ ձեզ նկատելիս հուսադրվում՝ ողջ են մնալու: Մի բժիշկ էլ վերջերս Աֆրինում մեզ ասաց՝ կյանքեր փրկողը մենք ենք, բայց մարդիկ միշտ կարծում են՝ լրագրողներն են փրկում: Ինչ որ տեղ այդպես է: Բայց քչերն են հասկանում մեր մասնագիտության առանձնահատկությունները, քչերն են մտածում մեր առողջության ու կյանքի մասին: Լինում են օրեր, երբ ինչ-որ հրաշքով չենք խելագարվում, լինում է՝ կրծում ենք եղունգները, շուրթերը, ծամում ենք մեր լեզուն, գրիչը, հագուստը, որ անզորությունից չգոռանք: Պատերազմներից 2 սարսափելի դրվագ կարող եմ առանձնացնել. մեկը, երբ սպանում են գործընկերոջդ, ու դու հասկանում ես, որ անմահ չես ամենևին, և գործընկերոջ մահը տեսնելը նույնն է, թե ինքդ քեզ տեսնես մեռնելուց, բայց այնպես ես ուզում այդ պահին գոռալ ու բողոքել Աստծուն, որ երկնքում նստած իր իսկ ձեռքով նկարված մարտաֆիլմն է դիտում ու չի էլ ցանկանում անձնակազմից հարցնել՝ սյուժետային այսպիսի ընթացքին կո՞ղմ եք:

Ես աթեիստ եմ: Ես դադարեցի հավատալ Աստծուն, երբ գործընկերս ձեռքերիս մեջ մահացավ: Կյանքումս ավելի անզոր ինձ չեմ զգացել: Այդ պահին պատրաստ էի կյանքս տալ մեկի համար, ում ընդամենը 2 ժամ էի տեսել, բայց նա իմ «մարտական ընկերն» էր՝ անկախ սեռից, ազգությունից: Բայց ամեն անգամ, գրողը տանի, այդպիսի իրավիճակում հայտնվելիս ատամներիս արանքով աղաչում եմ Աստծուն, որ հաջորդը ես մեռնեմ ու էլ չտեսնեմ՝ ինչպես են սպանվում գործընկերներս:

Սարսափում եմ նաև, երբ լուսանկարելիս տեսողական կոնտակտ է հաստատվում նրա հետ, ում նկարում եմ: Նա թախանձագին հայացքով նայում է վրաս, բայց ես հասկանում եմ՝ ոչնչով օգնել չեմ կարող...

Պատերազմից հետո մեզ ծանոթ մարդիկ կարծում են՝ մենք ինքնավստահ ենք, ծայրահեղ ցինիկ, բայց միայն պատերազմն իրար հետ ապրած գործընկերներով ենք հասկանում, թե սեքսի մասին ամենակեղտոտ կատակներն անելուց հետո ինչու ենք լռում...մենք տեսել ենք՝ ինչպես են հասուն տղամարդիկ երեխաների բռնաբարում, մենք վախեցել ենք մեր գործընկերուհիների համար:

Աֆրինում տեղացիներն ու բժիշկները մեզ «Մահվան ջոկատ» էին կոչում: Մեր «ջոկատից» 2 զոհ, 1 անհետ կորած ու 4 վիրավոր ունեցանք:Աֆրինում այդ օրերին 11 մեդիապերսոնա էր աշխատում: Յուրաքանչյուրս հերոս էինք, հատկապես աղջիկները... աղջիկների համար հեշտ չէ տեսնել՝ ինչպես են բռնաբարում կանանց, սպանում երեխաներին:

Ես աթեիստ եմ... բայց եթե հանդիպեմ Աստծուն... կասեմ՝ հերիք է:

Խավիեր Մանզանո /ռազմական ֆոտոլրագրող/:

Գոհար Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ նաև Տելեգրամում