Փաշինյանը հերքեց մեր տարածքով Ուկրաինա վարձկանների տեղափոխման լուրը. ՀՀ-ն չի կարող նպաստել ահաբեկիչների ներգրավմանը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձ կատարեց Արցախում ու Հայաստանում տիրող իրավիճակին:
Նա հիշեցրեց Անվտանգության խորհրդի վերջին նիստից հետո տարածված հայտարարութունը, ըստ որի՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ ու հարձակում ձեռնարկելու նպատակ ունի:
«Ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի բովանդակության ձևավորման քաղաքականություն. նա նախ դիվանագիտական կամ հանրային հարթակ է նետում թեզեր, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, ինչ-որ պայմանավորվածություններ, հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այդ մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդարացվում են», - ասաց ՀՀ վարչապետը:
Փաշինյանը նկատեց՝ Ադրբեջանը ցանկանում է Արցախում և ՀՀ-ում լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել և անդրադարձավ ՀՀ-ին վերաբերող ու տարածվող «Ֆեյք նյուզին», նկատելով՝ արևմտյան աշխարհում լայնորեն շրջանառվում է ադրբեջանական աղբյուրների հեղինակած այն կեղծ տեղեկատվությունը, թե իբր Հայաստանը իր ունեցած 4 հատ ՍՈՒ-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին:
«Սա իհարկե աղաղակող ապատեղեկատվություն է: Մեր ՍՈՒ-երը Հայաստան ներկրվելու օրվանից երկրի սահմանները չեն լքել: Նույն կերպ իբրև ճշմարտություն է հրամցվում նաև այն կեղծ լուրը, թե ՀՀ-ի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա: Հայաստանը, որը 2 տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:
Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի փոխանցած հինգ կետանոց առաջարկին արձագանքել է թե հրապարակային, թե աշխատանքային-դիվանագիտական խողովակներով:
«Բաքվի պնդումը, թե, իբր, Հայաստանն առաջարկները թողել է անարձագանք, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։Տարածաշրջանային էսկալացիա հարուցելու նպատակով Ադրբեջանի կողմից ամենաշատը շահարկվածը, թերեւս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի թեման է:
Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանի Հանրապետությունը անարձագանք է թողնում այդ հարցը: Այս տվյալը մինչդեռ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ ես բազմիցս հրապարակային արտահայտել եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր:
Բայց բանը հասել է նրան, որ Ադրբեջանը այսօր էլ շարունակաբար հայտարարում է, թե Հայաստանին 5 կետանոց առաջարկ է փոխանցել, բայց մենք իբր անարձագանք ենք թողել այդ առաջարկությունները: Կառավարության նախորդ նիստում, ուղիղ եթերում ես մանրամասն անդրադարձել եմ այս խնդրին, եւ արձանագրել, որ մարտի 10-ին Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Ադրբեջանի 5 կետանոց առաջարկ և մենք մարտի 14-ին, այսինքն՝ չորս օր անց, որոնցից երկուսը ոչ աշխատանքային, գրավոր պատասխանել ենք այդ առաջարկին և պատասխանը փոխանցել ենք այն նույն ճանապարհով, ինչ ճանապարհով ստացել ենք: Այն մեզ փոխանցել է ԵԱՀԿ ՄԽ համանախահող երկիրը, մենք պատասխանը փոխանցել ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջոցով: Նաև հրապարակային հայտարարել ենք, որ Ադրբեջանի առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա»,- ընդգծեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հարց է ծագում, ինչու՞ է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն:
«Պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը իր հրապարակային և դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը:
Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, այն այլևս լուծված է: Ադրբեջանի այս դիրքորոշումը չի պատասխանում սակայն մի կարևոր հարցի. իսկ ինչպես է այդ դեպքում լուծվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը: Այս հարցի պատասխանը չկա ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչի դրսևորումը տեսնում ենք միջազգային ամենատարբեր հարթակներում: Հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը առկա է և ավելի է արտահայտվելու միջազգային օրակարգում, Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել այդ հարցը, այլ փակել այն և այս գործողությունն է մեկնարկել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից: Ադրբեջանը ըստ էության փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից, այդպիսով հարցը փակված համարելու համար, որը շարունակվելու ակնհայտ միտում ունի:
Եթե սխալվում ենք, Ադրբեջանն ուրեմն թող Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերի քննարկմանը նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերի: Խնդիր, որ առաջ է քաշում ոչ միայն Հայաստանը այլև ողջ միջազգային հանրությունը:
Իսկ պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում, պնդելով, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Նաև այս է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը»,-ասաց ՀՀ վարչապետը:
Կարծիքներ