Ինչպես են Գյումրիում հարմարվում ԼՂ-ից տեղահանվածները
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների կարգավորման նպատակով ձևավորված հանձնաժողովը Գյումրու քաղաքապետարանում դեռ շարունակում է աշխատանքը 24 ժամ անընդմեջ: Այժմ ոչ թե ԼՂ-ից են գալիս, այլ ներքին տեղաշարժի մեջ են ընտանիքները, բնակավայրից՝ բնակավայր, հասցեից հասցե են տեղափոխվում, ինչն առավել բարդ գործընթաց է:
ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրի եկած անձանց մի մասը հյուրանոցներում, հյուրատներում, համայնքապատկան կառույցներում են ապաստանել, մի մասը՝ ծանոթ-բարեկամի, մյուսները՝ վարձակալած բնակարաններում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գյումրու փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը մանրամասնում է. «Մնում են մի քանի օր, հետո որոշում են հյուրանոցից տեղափոխվել ծանոթի տուն, նույն ընտանիքը այնուհետև որոշում է կրկին վերադառնալ հյուրանոց: Կամ Գյումրու մեր հատկացրած հասցեից գնում են մարզի այլ բնակավայր, մի քանի օր մնալուց հետո՝ վերադառնում Գյումրի: Դեռ չի կարգավորվում այս շարժը, քանի որ մարդիկ պետք է հարմարվեն: Հասկանում ենք, որ շատ բարդ հոգեվիճակում են»:
Գյումրիում գտնվողները մեզ հետ զրույցում ասում են՝ ամեն ինչից շնորհակալ են, իրենց բախտից են փոշման: Տարիների ընթացքում ինչ արդար քրտինքով վաստակել էին, թողել եկել են:
Զրույցի ժամանակ սուրբ Յոթ Վերքի զանգերը ղողանջում են: Վալենտինա տատիկը կտրվում է խառը մտքերից, բայց հայացքը սևեռում պատուհանից երևացող գմբեթներին, հետո՝ դանդաղ խաչակնքվում
«Ինձ մի նկարի, բայց մի երկու բան կասեմ: Հլը ինձ ասա՝ Աստվա՞ծ, թե՞ մարդը երես թեքեց: Մեզ համար ապրում էինք: Իլածն ուղեղներս հսկանում է, սիրտներս պուկ ա կյամ, դիմանում չի, սիրտներս հսկանում չի»,- ասում է տատիկին ու արցունքախառն ժպտում. «Այ բալաս, ոնց եք ապրում ստեղ դուք, շատ ա, է՜, ցուրտ»:
Նրա նման շատերը հարմարվելու խնդիրներ ունեն, բայց փորձում են նոր կյանքն այլ անիվների վրա դնել, ամեն աղմուկից չվախենալ ու ամեն անսպասելի լույսից չմտածել, թե անօդաչու է գալիս:
Գյումրու փոխքաղաքապետն ասում է՝ արվում է մաքսիմալը, առաջնային պարտավորությունը՝ կացարան ու սնունդ, ապահովված է, նաև հոգացել են հագուստի և կենցաղային այլ կարիքներ:
ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում գտնվող բոլոր անձինք, որոնք հաշվառման պահին առաջնային կարիքի գնահատման թերթիկում նշել են, որ ունեն սննդի կարիք, օրը 3 անգամ սնունդ են ստանում: Նախաճաշը, ճաշն ու ընթրիքն առաքվում է նրանց բնակության հասցեներ:
«Կալորիականությանն ենք հետևում, նաև, որ չափաբաժինները նորմալ լինեն: Ամեն անձի անհատական փաթեթ ենք պատրաստում և դա հանձնում յուրաքանչյուրին առձեռն: Բայց դեպքեր են լինում, որ մարդը գալիս, ասում է՝ մեզ սնունդ չի բերվել: Ցուցակը բացում, տեսնում ենք, որ չի նշել սննդի կարիք: Դրա համար նման անձանց խնդրում եմ մեկ անգամ էլ գալ, լրացնել այդ կարիքի գնահատման թերթիկը, որ ավելացնենք մեր բազայում, ու նման հարցեր չառաջանան»,- ասում է փոխքաղաքապետը:
Լողանալու հարմարություններ չունեցող հաստատություններում տեղավորված անձանց կարիքի մասին ևս հոգ են տարել: Համայնքապատկան «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի և «Նյու Սիթի Տրանս» ընկերության փոխադրամիջոցներով նրանք գնում, լողանում, վերադառնում են՝ մինչև հնարավոր դառնա վարձակալված բնակարաններ տեղափոխվելը:
Մկրտչյանը նշում է՝ ի պատիվ Գյումրեցիների՝ քաղաքում տների գները անտրամաբանական սանդղակի չեն հասել: Դա նաև հնարավոր է դարձել անձնական զրույցների և հանդիպումների արդյունքում:
«Մարդ կար՝ անձամբ եկավ, որ ընտանիքին սիրտը կպավ՝ տարավ իր տուն, ասաց՝ ոչինչ, նույնիսկ սնունդ պետք չէ, կհոգան իրենք այդ մասին: Իսկ ընդհանրապես հրավիրել ենք, խոսել, ասել, որ պետությունն այս պահին այ վիճակում է, որ պետք չէ պղտոր ջրում ձուկ որսալ, հետո էլ սա կարճաժամկետ ծրագիր է: Վարձակալության գումարի չափ ասել չեմ կարող, որովհետև Շիրակի մարզպետարանն է կնքում պայմանագրերը, արդեն առկա բնակարանների ցանկն է մեզ ուղարկում, մենք էլ մեր ունեցած բազայով սկսում ենք մեր հայրենակիցներին տեղավորել»,- մանրամասնում է նա:
Գյումրի եկածների մեծ մասը նախընտրում են չհեռանալ գյուղեր: Փոխքաղաքապետը մակերեսային վերլուծությամբ նկատել է, որ այստեղ են հիմնականում Մարտակերտի և Մարտունու շրջանների գյուղաբնակ անձինք: Շատերը Շիրակի մարզը պատկերացնում են միայն որպես Գյումրի, որի մասին լսել կամ լավագույն դեպքում մեկ անգամ եղել էին մինչ այս:
Հավանաբար, երբ շոկային փուլը հաղթահարեն, իրենք էլ կզգան, որ հողի մարդը քաղաքում դժվար է հարմարվելու, աշխատանք չի գտնելու, ինչը հաջողությամբ կանի գյուղում. հող կմշակի, անասնապահությամբ կզբաղվի, նոր այգի կունենա ու հիմնական անկյուն:
Գյումրիում ԼՂ-ից բռնի տեղահանված 2290 անձ կա: Թիվը, սակայն, լողացող է, քանի որ մարդիկ անընդհատ գնում են տարբեր բնակավայրեր կամ այլ տեղերից են գալիս Գյումրի:
Կարծիքներ