Կտրիճ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է. նա մարդ է, որը բռնազավթել է Մայր Աթոռը. վարչապետ

Կտրիճ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է. նա մարդ է, որը բռնազավթել է Մայր Աթոռը. վարչապետ

«Այսօր Հայաստանում հոգևոր կայքով ապրելու տեղ կա՛մ չկա, կա՛մ շատ դժվար է գտնել մեզ հայտնի պատճառներով»:

Այս մասին այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի այն հարցին, թե Տեր Արամ քահանան կարգալույծ է հռչակվել, որից հետո վարչապետը հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկա կիրակի օրը Հովաննավանքում մասնակցել Տեր Արամ քահանա Ասատրյանի կողմից մատուցվող սուրբ պատարագին, և թե ինչով է դա պայմանավորված:

«Մի կողմից մենք խոսում ենք արժեքահեն հանրություն ունենալու անհրաժեշտության մասին, մյուս կողմից հանրության արժեքների էպիկենտրոնը աղտոտված է, ինչպես է հնարավոր, որ դա տեղի ունենա: Հովհաննավանքն այն տեղն է, որտեղ հնարավոր է ապրել հոգևոր կյանքով, և վերջին ամիսներին տեղի ունեցածն ինձ համար նման փաստարկ էր, և ես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամ Ասատրյանն է, և որի գործունեության հետ փաստորեն մենք տեսանք՝ ինչ տեղի ունեցավ: Այդ վարկաբեկման ապարատը Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ չկարողացավ որևէ կերպ վարկաբեկել Տեր Արամ Ասատրյանի գործունեությունը, և դա հիմնավորում է, որ այն մարդիկ, որոնք ուզում են հոգևոր կյանքով ապրել, կարող են Հովհաննավանքում հոգևոր կյանքով ապրել»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը, անդրադառնալով Տեր Արամ քահանա Ասատրյանին կարգալույծ անելուն, նկատեց. «Կարգալույծը չի կարող կարգալույծ անել: Կտրիճ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է․ նա մարդ է, որը բռնազավթել է Մայր Աթոռը։ Թող նախ հանրությանը բացատրի՝ որտեղից և ինչպես ինքն ունի կին և երեխաներ։ Մենք եկեղեցու հետ կոնֆլիկտ չունենք, մենք կոնֆլիկտ ունենք եկեղեցին պղծողների, նրա ուխտը ոտնահարողների հետ»,- ասաց Փաշինյանը և հավելեց. «Եթե կարգալույծը կարգալույծ է արել, նշանակում է՝ Տեր Արամը այդ օրը նոր օծվել է եկեղեցու, ժողովրդի կողմից, ես կգնամ և հաղորդություն կընդունեմ Տեր Արամի ձեռքից»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում