Մենք ունենք պատմական շանս ապահովել ոչ միայն խաղաղ, այլև բարեկեցիկ և զարգացող Հարավային Կովկաս. վարչապետ

Մենք ունենք պատմական շանս ապահովել ոչ միայն խաղաղ, այլև բարեկեցիկ և զարգացող Հարավային Կովկաս. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:

«Մենք ունենք պատմական շանս ապահովել ոչ միայն խաղաղ, այլև բարեկեցիկ և զարգացող Հարավային Կովկաս»,- գրել է Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:

Վարչապետը իր խոսքում հիշեցրել է՝ 2023 թվականի  հոկտեմբերին առաջին անգամ ելույթ ունենալով «Մետաքսի ճանապարհ»  համաժողովին, հենց այս հարթակից է առաջին անգամ ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ստացել է միջազգային գործընկերների աջակցությունը: 

 

Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ արձանագրել է, որ այս առումով մենք մեծ հաջողություններ ունենք:

 

«2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահը և ես ընդունեցինք Խաղաղության հռչակագիր, որը որպես վկա ստորագրեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

 

Հռչակագրում հատուկ անդրադարձ կա տարածաշրջանի կապուղիներին»,- հիշեցրել է վարչապետը՝ ընդգծելով՝ Ադրբեջանը այս առումով կարևոր քայլ է արել՝ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները:

 

«Սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը:

 

Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան՝ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ:

 

Այս գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերը ուղղել նաև Ղազախստանի նախագահին և Վրաստանի վարչապետին»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում