Գործընկերների ռազմական ներկայությո՞ւն, թե ռազմաբազա. ինչ նկատի ունի Հայաստանը հարաբերությունների դիվերսիֆիկացիա ասելով
Ինչ նկատի ունի Հայաստանը հարաբերությունների դիվերսիֆիկացիա ասելով: Արդյո՞ք այլ գործընկերների ռազմական ներկայությո՞ւն եք ակնկալվում, ամերիկյան կամ ֆրանսիական ռազմաբազայի մասին է խոսքը, թե՞ Հնդկաստանի։
Ըստ վարչապետի, ճիշտ չէ, երբ անվտանգություն ասելով՝ հասկանում ենք միայն բանակ, միայն զենք, որովհետև շատ դեպքերում տեսնում ենք, որ կան երկրներ, որոնք զենքի խնդիր չունեն, բայց անվտանգության խնդիր ունեն: Եվ կան երկրներ, որ զենքի խնդիր ունեն, բայց անվտանգության խնդիր չունեն:
Այս մասին The Wall Street Journal-ի հարցին ի պատասխան՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա, անվտանգության ոլորտի մեր պատկերացումները, առաջին հերթին, հենվում են նրա վրա, որ մենք պետք է փորձենք մեր միջավայրը դարձնել անվտանգային առումով հնարավորինս կառավարելի և կանխատեսելի: Եվ մենք էլ միջավայրի համար պետք է լինենք կանխատեսելի: Այսինքն՝ սպառնալիքները, ընդհանրապես, փոխադարձ են լինում, և երբեմն շատ դժվար է լինում գտնել մեկնարկի կետը, որովհետև դա միշտ հավի ու ձվի պատմությունն է: Ու երբեմն իմաստ էլ չի ունենում գտնել մեկնարկի կետը, որովհետև դրանից որևէ բան չի փոխվում:
Եվ երբ մենք ասում ենք մեր անվտանգային հարաբերությունների կարգավորում՝ անվտանգային հարաբերությունների կարգավորում չենք հասկանում, որ պետք է գնանք ուրիշ տեղերից զենք բերենք և կրակենք մեր հարևան պետությունների վրա: Այդ նույն անվտանգային ոլորտում մենք պետք է հարաբերություններ ձևավորենք նաև մեր հարևանների հետ, որպեսզի անվտանգային ճիշտ հարաբերություններ կառուցենք:
Տեսեք, այն, ինչ ես նոր խոսում էի՝ սահմանների դելիմիտացիա, տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչում և այլն, կոմունիկացիաների բացման կանոններ, դրանք բոլորը անվտանգային քաղաքականության շատ կարևոր մասեր են: Եվ, մանավանդ, հիմա կարծում եմ՝ այսօրվա աշխարհը ցույց է տալիս, որ այդ մոտեցումն առնվազն հնացած է, որ կարելի է ունենալ շատ զենք, կարելի է ունենալ շատ ուժեղ բանակ և արտադրել զենք, ներմուծել և կրակել: Երկարաժամկետում դա երբեք լավ արդյունքների չի բերի և կարճաժամկետում միշտ չէ, որ լավ արդյունքների է բերում:
Եվ հենց դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև արտաքին քաղաքականության համատեքստում անվանում ենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն: Դրա մեջ նաև նկատի է առնվում մեր հարևանությունը, մեր միջավայրը, մեր տարածաշրջանը:
Գիտեք, այն մոտեցումը, որ ինչ-որ տեղ մենք պետք է դաշնակիցներ գտնենք, զենք բերենք, որ կրակենք մեր հարևանների վրա, դա մեր մոտեցումը չէ: Իհարկե, մենք մտավախություններ ունենք, որ մեր հարևանները կկրակեն մեզ վրա:
Նաև այդ մտավախություններն է պետք կառավարել: Բայց մյուս կողմից էլ, կարծում եմ՝ ցանկացած ժամանակակից երկիր պետք է և իրավունք ունի ունենալ ժամանակակից բանակ, իրավունք ունի զարգացնել զինված ուժերը, իրավունք ունի իր անվտանգային կարիքները բավարարել նաև այս կոմպոնենտով:
Բայց իմ արձագանքի, պատասխանի իմաստն այն է, որ մեր պատկերացումն այն չէ, որ միայն բանակով է պետք անվտանգություն ապահովել, նաև տարածաշրջանում խաղաղության գնալու...: Ես, իմիջիայլոց, հենց Եվրոպական խորհրդարանի իմ ելույթում ասացի, թե ինչ նկատի ունենք մենք խաղաղություն ասելով:
Մենք խաղաղություն ասելով նկատի ունենք, որ տարածաշրջանի բոլոր երկրների սահմանները բաց են միմյանց համար նույն սկզբունքներով, նկատի ունենք, որ այդ երկրները կապված են տնտեսական կապերով, կապված են քաղաքական երկխոսությամբ և խոսակցությամբ, կապված են մշակութային կապերով: Տեսեք, այստեղ զենքի մասին խոսք չկա:
Բայց սա անվտանգության ապահովման կարևոր կոմպոնենտ է: Ինչո՞ւ, որովհետև սա է հնարավորություն տալիս, որպեսզի դիմացինդ քեզ ավելի լավ հասկանա, և դու դիմացինին ավելի լավ հասկանաս:
Սա է հնարավորություն տալիս, որ ձևավորվեն փոխադարձ կապվածություններ, և մյուսի անվտանգությունը, դիմացինի անվտանգությունն ինչ-որ տեղ կարևոր է դառնում նաև քեզ համար, և քո անվտանգությունը կարևոր է դառնում նաև դիմացինի համար, որովհետև հակառակ դեպքում կարող են առաջանալ տնտեսական ռիսկեր, քաղաքական ռիսկեր և այլն և այսպես շարունակ»,- մանրամասնեց Փաշինյանը:
Կարծիքներ