Որևէ տեղ գրված չէ, որ ՌԴ ինչ-որ մարմին Հայաստանի որևէ տարածքի վրա պետք է ունենա վերահսկողություն. վարչապետ

Որևէ տեղ գրված չէ, որ ՌԴ ինչ-որ մարմին Հայաստանի որևէ տարածքի վրա պետք է ունենա վերահսկողություն. վարչապետ

Փոխկապակցվածության մասին խոսելը ենթադրաբար ներառում է նաև տրանզիտ Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Առկա համաձայնություններով նախատեսվում է, որպեսզի Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայությունը կառավարի այդ երթևեկությունը։ Կարծում եք ԱԴԾ-ն իսկապե՞ս պետք է այստեղ դերակատարում ունենա, թե՞ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն, առանց Ռուսաստանի ներգրավվածության կարող են այդ հարը լուծել։

The Wall Street Journal-ի այս հարցադրմանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց հետևյալը.

«Ընդհանուր առմամբ Ադրբեջանի և Նախիջևանի կապի վերաբերյալ առանձին վերցրած օրակարգ գոյություն չունի: Նման օրակարգ գոյություն ունի տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում, երբ պետք է տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացվեն: Սա երկրորդը:

Երրորդը, որևէ տեղ գրված չէ, որ Ռուսաստանի Դաշնության որևէ մարմին Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի վրա պետք է ունենա վերահսկողություն: Որևէ տեղ գրված չէ, որ Հայաստանի Հանրապետությունը համաձայն է կամ նախատեսված է Հայաստանի Հանրապետության որևէ սուվերեն իրավունքի կրճատման կամ սահմանափակման:

Որևէ տեղ գրված չէ, որ Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին վերապահվող որևէ գործառույթ պետք է պատվիրակվի որևէ այլ մեկի:

Որևէ տեղ գրված չէ և նախատեսված չէ, նման բան չի եղել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ինչ-որ ուրիշ մեկը պետք է ապահովի անվտանգություն: Այդպիսի բան գրած չի եղել:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ձախողումից հետո շատ հարցեր են առաջանում, և այդ հարցերը լեգիտիմ են, որովհետև ձախողում ասելով ես նկատի ունեմ, որ փաստ է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը:

Այստեղ շատ լուրջ հարցեր են առաջանում, բայց մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության որևէ սուվերեն իրավունքի սահմանափակման մասին որևէ տեղ երբևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ:

Բայց մյուս կողմից ուզում եմ ասել, որ ինչպես արդեն Եվրոպական խորհրդարանի ամբիոնից ասացի, և ինչպես մենք արդեն պայմանավորվել ենք Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ և որն արտահայտված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ հուլիսի 15-ի հայտարարության մեջ, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության հիման վրա:

Արդյոք դրա արդյունքում Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է Նախիջևանի հետ տրանսպորտային կապ ունենան, այդ թվում՝ Հայաստանի տարածքով: Այո, իհարկե: Արդյոք Հայաստանի Հանրապետությունն այդ նույն ուղիները կարող է օգտագործել իր տարբեր հատվածների միջև, օրինակ, երկաթուղային կապ ապահովելու համար: Այո, իհարկե:

Արդյոք Ադրբեջանն այդ պարագայում կարող է օգտագործել Հայաստանի տրանսպորտային ուղիները միջազգային առևտրի համար: Այո, իհարկե:

Արդյոք Հայաստանը պիտի հնարավորություն ունենա օգտագործել Ադրբեջանի ճանապարհները միջազգային առևտրի համար: Այո, իհարկե: Արդյոք միջազգային առևտրի մասնակիցները պիտի հնարավորություն ունենան Հայաստանի տարածքով իրենց առևտուրն իրականացնել Թուրքիայի, Իրանի, Վրաստանի հետ՝ որպես գլոբալ առևտրի ճանապարհ: Այո, իհարկե:

Եվ մենք այս առաջարկն անում ենք, մենք այս լուծմանը պատրաստ ենք և այդ առաջարկն անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ» և հրավիրում ենք մեր բոլոր գործընկերներին միասին իրականություն դարձնել այդ նախագիծը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում