Իտալացի թավջութակահարը խաղաղություն է մաղթել Հայաստանին և Արցախին
Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտում են երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործողներ աշխարհի բազմաթիվ երկրների արվեստագետներ: Արցախին և Հայաստանին այս օրերին իր աջակցությունն է հայտնել իտալացի հռչակավոր թավջութակահար Մարիո Բրունելլոն: Բրունելլոն տեսաուղերձով դիմել է անվանի հայ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանին ու ընդգծել, որ շատ է ցավում այն ամենի համար, ինչ կատարվում է Չաուշյանի երկրում։ «Հույս ունեմ, որ հայրենակիցներդ, ընկերներդ կհասնեն խաղաղության։ Դա հիասքանչ մի երկիր է, և ինձ համար մեծ պատիվ է այնտեղ հանդես գալն ու նվագելը։ Հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ, խաղաղություն կլինի բոլորի համար»,- շեշտել է թավջութակահարը, որը տարիներ առաջ Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում հանդես էր եկել մենահամերգով:
Կարծիքներ