Լիցենզավորված վարորդներ և կառավարիչներ․ ինչ փոփոխություններ կբերի փոխադրողների որակավորումը |hetq.am|

Լիցենզավորված վարորդներ և կառավարիչներ․ ինչ փոփոխություններ կբերի փոխադրողների որակավորումը |hetq.am|

hetq.am: Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով նոր պահանջներ են նախատեսվում փոխադրում իրականացնող կազմակերպությունների համար։

Առաջինով խստացվում է միջպետական ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնելու իրավունք ստանալու համար կազմակերպություններին ներկայացվող պահանջները։

Երկրորդով էլ առաջարկվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող վարորդներին վերապատրաստում անցնել և մասնագիտական որակավորման վկայական ստանալ։

Լիցենզավորված վարորդներ. ինչ է առաջարկում նախարարությունը

Ըստ նախարարության ներկայացրած նախագծի՝ Հայաստանում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող C, D, CE, DE, C1E և D1E կարգ ունեցող վարորդները պարբերական մասնագիտական վերապատրաստում պետք է անցնեն։ Դա իրականացնելու համար Կառավարությունն ու Ազգային ժողովը դեռևս պետք է հավանության արժանացնեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու այս նախագիծը:

Նշված կարգ ունեցող վարորդները պետք է հանձնեն նախնական մասնագիտական որակավորման տեսական քննություն և ստանան մասնագիտական որակավորման վկայագիր (ՄՈՎ):

ՄՈՎ ունեցող վարորդներն առնվազն հինգ տարին մեկ պարբերականությամբ պետք է անցնեն մասնագիտական վերապատրաստման դասընթաց, որի վերաբերյալ պետք է նշում կատարվի վարորդի մասնագիտական որակավորման քարտի վրա: 

Սա վերաբերում է առևտրային նպատակներով թե՛ ներքին, թե՛ միջպետական փոխադրում իրականացնող վարորդներին: Նախագծի հեղինակները նշում են, որ այս խստացումները մշակվել են՝ նպատակ ունենալով վարորդների որակավորման գիտելիքները, երթևեկության անվտանգությունը և ուղևորների սպասարկման որակը բարձրացնել։

Որակավորված կառավարիչ, բարի համբավ, ֆինանսական կայունություն. նոր պահանջ կազմակերպություններին

Առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ էլ՝ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) և թույլատրելի առավելագույն 3.5 տոննա քաշը գերազանցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան գործարար բարի համբավ, ֆինանսական անհրաժեշտ միջոցներ և մասնագիտական որակավորում։

Այս փոփոխությամբ էլ նախարարությունը մտադրություն ունի դյուրացնել հայ վարորդների մուտքը եվրոպական շուկաներ։ Օրենսդրական այս փաթեթը մշակվել է Եվրամիության հետ Արևելյան գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզի միջոցառումները ապահովելու նպատակով։ 

Նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Այվազյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ սահմանվելու են չափանիշներ, ըստ որոնց՝ կգնահատվի ընկերությունները համապատասխանու՞մ են այս պահանջներին, թե՞ ոչ։

Օրինակ՝ բարի համբավի գնահատման հիմքում ընկած է լինելու կազմակերպության գործունեությունը, մասնավորապես՝ արդյոք օրենքների շրջանկաներում, առանց լուրջ խախտումների, օրենսդրության պահանջների ապահովմամբ է իր աշխատանքները իրականացնում, թե՞ ոչ։ Համբավը գնահատելու չափորոշիչները կսահմանի  կառավարությունը։ Բարի համբարի վրա բացասական ազդեցություն կունենան ճանապարհային երթևեկության անվտանգության հետ կապված  խախտումները, որոնք հանգեցնում են  լուրջ հետևանքների,  արգելված փոխադրումների իրականացումը, սնանկությունը և այլն։

 

 

«Այս փոփոխությունների հիմնական նպատակը Հայաստանի օրենսդրության ներդաշնակեցումն է Եվրամիության օրենսդրության պահանջներին, ինչը կդյուրացնի մեր փոխադրումների իրականացումը, մեր փոխադրողների մուտքը եվրոպական շուկաներ, մեր փոխադրողները կդառնան առավել մրցունակ միջազգային փոխադրումների ոլորտում»,- ասում է Ռուզաննա Այվազյանը:

Լիազոր մարմինը միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնելու բոլոր տեսակի իրավունքները տրամադրելու է միայն այն կազմակերպություններին, որոնց վերաբերյալ անհրաժեշտ տվյալներն առկա են լիազոր մարմնի միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների էլեկտրոնային գրանցամատյանում:

Գրանցամատյանում հաշվառվելու համար կազմակերպությունները լիազոր մարմնին ներկայացնելու են բանկային տեղեկանք առնվազն 9 հազար եվրոյին համարժեք դրամ մեկ տրանսպորտային միջոցի դեպքում և առնվազն 5 հազար եվրոյին համարժեք դրամ՝ յուրաքանչյուր լրացուցիչ տրանսպորտային միջոցի համար, կամ բանկային երաշխիք սահմանված գումարի չափով, ինչպես նաև փոխադրումների կառավարչի մասնագիտական որակավորման վերաբերյալ տեղեկատվություն։

Ֆինանսական այս երաշխիքները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սահմանել է ֆինանսական կայունությունը ստուգելու համար: 

Նախարարությունը նաև մշակել է մասնագիտական չափորոշիչներ բեռնափոխադրումներ իրականացնողների համար։ Մասնավորապես՝ կազմակերպությունը պետք է ունենա մասնագիտական որակավորման վկայական ունեցող փոխադրումների կառավարիչ:

Մասնագիտական որակավորման քննություններ ընդունելու և մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը, մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը հաստատելու է կառավարությունը:

«Փոխադրումների կառավարիչը պետք է հանձնի որոշակի քննություն, տարբեր ոլորտների գիտելիքների իմացություն պետք է ունենա, որը կհստակեցվի ուսումնական ծրագրերով։ Իսկ գիտելիքները նա ձեռք է բերելու վերապատրաստման կենտրոնում, որն ունենալու է տեխնիկական հնարավարություն, թեստերն է անկացնելու։ Դա արդեն կլինի որևէ գիտական կամ ուսումնական հաստատություն, որը կկարողանա ապահովել թեստավորման գործընթացը»,- մեզ հետ զրույցում նշեց Ռուզաննա Այվազյանը: 

Ի դեպ, տարարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այս փոփոխությունները մշակելիս փոխադրողների հետ չի հանդիպել և քննարկումներ չի ունեցել, ինչը հաստատեց նաև Ռուզաննա Այվազյանը։

«Նախագծի որոշ դրույթներ անհասկանալի են»

«Սպիննակեր գրուպ» ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը  Հայաստանում գրանցված միջազգային բեռնափոխադրում և ուղևորափոխադրում կատարող տնտեսվարողների լիցենզավորման նախագծում որոշ դեպքերում անհասկանալի, որոշ դեպքերում դժվար իրագործելի դրույթներ է տեսնում: 

Ինչպես նշեցինք, Հայաստանում գրանցված բոլոր բեռնափոխադրող ընկերությունները կամ ԱՁ-ները պետք է համապատասխանեն Եվրոպական խորհրդարանի կանոնակարգով սահմանված կետերին, օրինակ՝ ունենան գործարար բարի համբար: Սակայն, նշված չէ, թե ինչ չափորոշիչներով է որոշվելու բարի համբավը: 

«Իհարկե, տրամաբանորեն կարելի է հասկանալ, թե ինչպես է դա որոշվելու, օրինակ՝ օրինախախտումները հաշվի առնելով, սակայն բոլոր դեպքերում սուբյեկտիվ որոշումներից խուսափելու համար պետք են հստակ չափորոշիչներ, որոնք  արտացոլելու են իրական պատկերը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Նորայր Գևորգյանը: 

 

Հաջորդ խնդրահարույց կետն, ըստ նրա, վերաբերում է լիցենզավորված կառավարիչ ունենալու  պահանջին. «Խնդիրն այն է, որ ներկայում Հայաստանում չկան ինստիտուտներ, հաստատություններ, որոնք կպատրաստեն նման մասնագետներ, որտեղ արդեն իսկ գործող մասնագետները վերապատրաստում կանցնեն: Պետք է այս հարցը ևս մանրամասն ուսումնասիրել, քննարկել, հետո նոր միայն ընդունել»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում