Գրիպով վարակված 13 անձ վերակենդանացման բաժանմունքում է. վիրուսի տարածվածությունը բարձր է Արարատի մարզում

Գրիպով և սուր շնչառական հիվանդության վարակվածությունը առավել բարձր է դիտվում Արարատի և Տավուշի մարզում, Երևանում և մնացած մարզերում վարակվածության ցուցանիշը միջին ակտիվության է:
Հայաստանում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վարակիչ վիրուսը:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը՝ ամփոփելով հանրապետությունում սուր շնչառական հիվանդություններով ու գրիպով պայմանավորված իրավիճակը:
Աբովյանի խոսքով՝ 2021 թվականին գրիպով և սուր շնչառական հիվանդության վարակվածությունը գրիպի սեզոնի 53 շաբաթականում նվազել է 1.4 անգամ, բայց Հայաստանում ունենք այդ հիվանդությամբ վարակվածության 2 անգամ բարձր շեմ: Նախորդ տարվա համեմատ այն բարձր է 1.8 անգամ։
«Հունվարի 4-ի տվյալներով, բկ-ներում հոսպիտալացված են 590 պացիենտ, որոնցից 90 տոկոսից ավելին 0-18 տարեկան երեխաներն են: 13 հիվանդ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում, որոնցից մեծ մասը 0-ից 5 տարեկան երեխաներն են»,- ասաց նա:
Մասնագետը պարզաբանեց՝ բարձր շեմը իրենից ենթադրում է համաճարակաբանական ցուցանիշը: Յուրաքանչյուր երկիր հաշվում է այդ հիվանդության շեմը իր երկրում, և մեր երկրում այդ ցուցանիշով բավականին լարված իրավիճակ է:
«ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանն էլ հավելեց՝ հիվանդանոցներ դիմելիության ցուցանիշը նույնպես աճել է, ինչն էլ պայմանավորված է ամանորյա այցերով։ Մինչև Նոր տարի դրական ազդեցություն կար հիվանդության թվերի իջեցման վրա: Հիմա գրանցվում են այն դեպքերը, որոնք վարակվել են Նոր տարվա այցելությունների ժամանակ: Հոսպիտալացման ամենաերիտասարդ դեպքը 44 օրական երեխան է, որի վարակվածության դեպքը այցելությունների հետևանքն է»,- ասաց նա:
Մանկաբույժի խոսքով՝ հիվանդացությունը ի սկզբանե ախտահարում է երեխաներին: Հիմա գրանցվում է բարձր ջերմություն, ականջի բորբոքում, թոքաբորբի դեպքեր, և, ինչպես մնացած դեպքերում է, հիվանդությունն ախտահարում է այլ խնդիրներից առավել տուժած երեխաներին:
Կարծիքներ