27 տարի անց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է ղարաբաղյան հակամարտությունը
27 տարի անց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է ղարաբաղյան հակամարտությունը
Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր, սեպտեմբերի 29-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ունի 15 անդամ, որոնցից 5-ը՝ մշտական և վետոյի իրավունքով՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինասատան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) արտակարգ և դռնփակ նիստում կանդրադառնա Լեռնային Ղարաբաղին:
Հայտնի չէ՝ նիստի արդյունքերով ՄԱԿ-ի ԱԽ-ն կընդունի՞ փաստաթուղթ, թե՞ ոչ: Քննարկումը նախաձեռնել է Էստոնիան, որ այսօր ոչ մշտական անդամ-պետություններից է:
Վերջին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղին անդրադարձել է 27 տարի առաջ՝ 1993 նոյեմբերին՝ ընդունելով ղարաբաղյան հակամարտության մասին իր վերջին՝ չորրորդ բանաձևը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հայկական ուժերը դուրս եկան Արաքսի ափ: Դա 4 բանաձևերից միակն էր, որում խոսվում էր ղարաբաղյան հակամարտությանը Հայաստանի զինված ուժերի ներգրավվածության մասին:
ՄԱԿ-ի ԱԽ-ն, նաև Բաքվի դիվանագիտական ջանքերի արդյունքում, ղարաբաղյան հակամարտությանը առաջին անդրադարձը կատարել և բանաձև է ընդունել 1993-ի ապրիլին, երբ հայկական ուժերը դուրս եկան Քարվաճառ: Բոլոր 4 բանաձևերը՝ 822, 853, 874 և 884, ընդունվել են ռազմական գործողությունների ամենաակտիվ փուլում՝ 1993-ի ապրիլից նոյեմբեր:
Վեցամսյա այս ժամանակահատվածում Արցախի տարածքը ավելի քան կրկնապատկվեց: Ուշագրավ է, որ 1992-ի մայիսին, երբ Հայաստանն ու Արցախը ունեցան ցամաքային կապ Լաչինի մարդասիրական միջանցքով, ՄԱԿ-ի ԱԽ-ն չընդունեց բանաձև: Ենթադրաբար, միջազգային հանրության համար հասկանալի էր հակամարտության տրամաբանությունը, անվտանգության հարցը և մարդասիրական միջոցառումները, այն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը սպառնալիքի տակ է, եթե չկա ցամաքային կապ նրա միակ երաշխավորի՝ Հայաստանի հետ:
Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ ընդունած բոլոր 4 բանաձևերում երկու հիմնական կետ և պահանջ է դրված՝ վերջ դնել կրակին, ռազմական և թշնամական գործողություններին և ձեռնամուխ լինել քաղաքական երկխոսության: Բոլոր 4 բանաձևերում ՄԱԿ-ի ԱԽ-ն Արցախի տեղական զինված ուժերին հորդորում էր ուժերը դուրս բերել «Ադրբեջանի գրավյալ տարածքներից», իսկ Հայաստանին՝ օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի իշխանությունները կատարեն բանաձևերի դրույթները:
Պարադոսքսալ է, բայց փաստ, որ Անվտանգության խորհրդի բոլոր 4 բանաձևերը ականահարում էր հենց Ադրբեջանը, որը նախաձեռնում էր դրանց իսկ ընդունումը: Ավելի ճիշտ, Բաքվի համար ընդունելի էր այդ 4 բանաձևերի միայն այն կետը, որտեղ հայկական ուժերին կոչ էր արվում հեռանալ տարածքներից: Ավելին, բոլոր 4 բանաձևերի ընդունումից հետո Ադրբեջանը փորձել է ռազմական ուժի կիրառմամբ հասնել առավելության, որպեսզի բանակցությունների սեղանի շուրջ ունենա ամուր դիրք: Բոլոր դեպքերում, սակայն, Ադրբեջանը կորցրել է:
822-ի բանաձևից հետո, որը ընդունվեց Քարվաճառի դեպքերի առիթով, ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունեց 853 բանաձևը: Այս անգամ հիմնական թեման Աղդամն էր: Ուշագրավ է, որ Աղդամ դուրս գալուց հետո Բաքուն առաջին անգամ բանավոր և գրավոր տեքստով ցանկություն հայտնեց ուղղակի բանակցությունների մեջ մտնել Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության հետ: Այդ բանակցություններից առաջինը տեղի ունեցավ 1993-ի հուլիսի վերջերին՝ Մարտակերտի հատվածում: Նույն տարվա սեպտեմբերին Մոսկվայում տեղի ունեցավ Արցախի այն ժամանակվա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևի խորհրդապահական հանդիպումը: Ռուս միջնորդ Վլադիմիր Կազիմիրովը իր արխիվում պահել է մի փաստաթուղթ, որը Բաքվի իշխանությունները հղել են Ստեփանակերտ: Դիմումի մեջ ադրբեջանցիները օգտագործել են ԼՂՀ ձևակերպումը: Կազիմիրով հումորով հիշում է, որ ինքն է ադրբեջանցիներին խորհուրդ տվել հանրապետություն բառը հանել և նոր տեքստ ուղարկել:
ՄԱԿ-ի ԱԽ 874 և 884 բանաձևերը հայկական ուժերին հորդորում էին ուժերը դուրս բերել զորքերը Ֆիզուլիից, Ղուբաթլուից և մերձարաքսյա տարածքներից: Միայն 884 բանաձևն է, որում խոսք է գնում հակամարտությանը Հայաստանի ուղղակի մասնակցության մասին:
1993-ի նոյեմբերից հետո էլ հայկական ուժերը ընդլայնեցին անվտանգության գոտին, սակայն ՄԱԿ-ի ԱԽ-ն այլևս բանաձև չընդունեց: Նույն տարվա դեկտեմբերի 17-ին Ադրբեջանը ձեռնամուխ եղավ լայնածավալ հարձակման ճակատի ողջ երկայնքով: Դա պատերազմի ամենաարյունալի փուլն էր, որին հինգ ամիսներին ընթացքում կողմերից զոհ գնաց ավելի քան հինգ հազար մարդ: Ադրբեջանը կարողացավ որոշակի հաջողության հասնել Հորադիսի հատվածում, ինչպես նաև՝ Քարվաճառում: Եթե Հորադիսի հատվածում Ադրբեջանը կարողացավ պահել գրավածը, ապա Քարվաճառում կատարյալ պարտություն կրեց՝ փախուստի ճանապարհին Մռավի ձյունառատ լեռներում թողնելով հարյուրավոր դիակներ:
Ադրբեջանը այսօր էլ անդադար հղում է կատարում ՄԱԿ-ի ԱԽ ընդունած բանաձևերին, ընտրողաբար ընդգծելով միայն այն կետերը, որոնք բխում են իր շահերից: Բաքուն դիվանագիտական ջանքեր էր գործադրում հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ մասնագիտացված Մինսկի խմբի շրջանակներից փորձելով տեղափոխել միջազգային այլ հարթակներ, այդ թվում՝ ՄԱԿ, որտեղ, նրա կարծիքով, կարող է ստանալ առավել նպաստավոր լուծում:
Վերջին պաշտոնական տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սկսված գործողությունների արդյունքում, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ, ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ:
Հայկական կողմը զինվորականների շրջանում ունի 84 զոհ: Զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում:
Թաթուլ Հակոբյան՝ CivilNet:
Կարծիքներ